Armenian text to speach

7 դրամ հաշվին ու 10 միլիոն դրամ եկամուտ. ի՞նչ է ցույց տալիս Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչպես են փոխվում նրանց ունեցվածքն ու եկամուտները պաշտոնավարման ընթացքում։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի նոյեմբերի 30-ից։

Առաջին հայացքից նրա հայտարարագրերում ամեն ինչ չափազանց համեստ է թվում, սակայն թվերը մի շարք հետաքրքիր հարցեր են առաջացնում։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Դվոյանը շարունակում է ունենալ նույն երկու անշարժ գույքը.

1․ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2017 թվականին,
2․ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող առանձնատուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ստացել է ժառանգությամբ 2016 թվականին։

Սակայն առավել ուշագրավ են նրա հայտարարագրած դրամական միջոցները։

Բանկային ավանդը՝ ընդամենը 21 դրամ։

Բանկային հաշիվների մնացորդը՝ 7 դրամ։

Այսինքն՝ պաշտոնյան, որը տարվա ընթացքում ստացել է ավելի քան 10 միլիոն դրամ եկամուտ, տարվա ավարտին հայտարարագրել է ընդամենը 7 դրամ բանկային հաշվում և 21 դրամ ավանդ։

Եկամուտները՝ մի քանի աղբյուրից

2025 թվականին Սիրանուշ Դվոյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 10 միլիոն 304 հազար 4 դրամ։

Դրանցից`

7 մլն 194 հազար դրամ՝ ԿԳՄՍ նախարարությունից որպես աշխատավարձ,
2 մլն 949 հազար դրամ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից,
160 հազար դրամ՝ «Այբ» կրթական հիմնադրամից քաղաքացիաիրավական պայմանագրով։

Հայտարարագրում նշված չէ որևէ վարկ կամ փոխառություն։

2024 թվական․ եկամուտները գրեթե կրկնապատկվել էին

2024 թվականին Դվոյանի հայտարարագրված եկամուտներն արդեն հասել էին 19 միլիոն 29 հազար դրամի։

Ամենախոշոր վճարումները ստացվել էին`

ԿԳՄՍ նախարարությունից՝ ավելի քան 14 մլն դրամ,
Հայաստանի ամերիկյան համալսարանից՝ ավելի քան 4,2 մլն դրամ։

Բացի դրանից, նա գումարներ էր ստացել նաև մի շարք այլ կազմակերպություններից՝ «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնից», «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայից», Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։

Սակայն նույնիսկ այդ տարվա ավարտին նրա ավանդը կրկին կազմել է նույն 21 դրամը։

2023 թվական․ 10 միլիոն դրամ ավանդը «անհետացել» է

Ամենահետաքրքիր փոփոխությունը նկատվում է 2023 և 2025 թվականների հայտարարագրերի համեմատությունից։

2023 թվականի վերջին Սիրանուշ Դվոյանը հայտարարագրել էր 10 միլիոն դրամ բանկային ավանդ։ Բացի դրանից, նրա բանկային հաշիվներում առկա էր ավելի քան 5,5 միլիոն դրամ։

Ընդամենը երկու տարի անց նույն պաշտոնյայի հայտարարագրում ավանդը դարձել է 21 դրամ, իսկ բանկային հաշվի մնացորդը՝ 7 դրամ։

Հայտարարագրերը չեն բացահայտում, թե ինչ նպատակով են օգտագործվել այդ միջոցները կամ ինչի արդյունքում է շուրջ 10 միլիոն դրամանոց ավանդը փաստացի վերացել։ Ինքնին նման փոփոխությունը չի նշանակում իրավախախտում, սակայն այն աչքի ընկնող հանգամանք է և հանրային հետաքրքրության առարկա, քանի որ պաշտոնատար անձանց հայտարարագրերի նպատակը հենց գույքային փոփոխությունների թափանցիկությունն ապահովելն է։

Ավտոմեքենա, ներդրումներ, բաժնեմասեր՝ չկան

Երեք տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սիրանուշ Դվոյանը չի հայտարարագրել`

ավտոմեքենա,
բաժնեմաս որևէ ընկերությունում,
արժեթղթեր,
ներդրումներ,
թանկարժեք այլ ակտիվներ,
վարկեր կամ փոխառություններ։

Փոխարենը պահպանվել են նույն երկու անշարժ գույքերը, իսկ եկամուտները ձևավորվել են հիմնականում պետական համակարգում զբաղեցրած պաշտոնից և ակադեմիական ու գիտակրթական գործունեությունից։

Միևնույն ժամանակ, ամենաուշագրավ հարցը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս է ստացվում, որ 2023 թվականին հայտարարագրված 10 միլիոն դրամանոց ավանդը երկու տարի անց վերածվել է ընդամենը 21 դրամի, իսկ բանկային հաշվում տարվա ավարտին մնացել է ընդամենը 7 դրամ։ Թեև հայտարարագրերը չեն պահանջում ներկայացնել յուրաքանչյուր ծախսի մանրամասները, նման կտրուկ փոփոխությունը բնականաբար հանրային հետաքրքրություն է առաջացնում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս