Armenian text to speach

Ստամբուլում հարձակվել են հայկական գերեզմանատան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Rûdaw լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բաղլարբաշը շրջանում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը անհայտ անձը վնասել է վեց գերեզման և մեկ շատրվան։

Հաղորդվում է, որ դեպքից հետո իրավապահ մարմինները սկսել են քննություն՝ հարձակվողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով։

Թուրքիայի Հայոց պատրիարքարանը սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշել է, որ գերեզմանատան հիմնադրամի վարչությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։ Միաժամանակ ընդգծվել է, որ հարձակվողը դեռևս չի հայտնաբերվել։ Պատրիարքարանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը։

Հայտարարության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։

«Ուսքյուդարի Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի վարչության փոխանցած տեղեկության համաձայն՝ Բաղլարբաշի Սուրբ Կարապետ գերեզմանատանը տեղի է ունեցել մեր համայնքին խորապես վշտացնող դեպք։ Գերեզմանատան պատը հաղթահարած անձը վնասել է վեց գերեզման և մեկ շատրվան»,- նշված է հայտարարության մեջ։

Պատրիարքարանը հայտնել է, որ կատարվածը անհապաղ հաղորդվել է իրավապահներին, որոնք արագորեն սկսել են հետաքննություն՝ դեպքը բացահայտելու, հարձակվողին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով։

«Պատրիարքարանը խստորեն դատապարտում է մեր համայնքի սրբավայրերի և հավերժական հանգստի վայրերի նկատմամբ իրականացված այս նողկալի հարձակումը և շնորհակալություն է հայտնում իրավապահ մարմիններին, որոնք զգայունությամբ շարունակում են աշխատել դեպքի բացահայտման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը շարունակում է հետևել գործի հետագա ընթացքին։

Անի Վարդանյան




Լրահոս