Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) շրջանում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի դեպքի առնչությամբ իրավապահները ձերբակալել են կասկածյալին։
Թուրքական Agos-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի Անատոլիայի գլխավոր դատախազությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել, որի շրջանակում ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Մ․Կ․ անունով կասկածյալին։
Ոստիկանությունում իրականացված ընթացակարգերից հետո կասկածյալը տեղափոխվել է դատախազություն, ապա ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու պահանջով։
Ստամբուլի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործի քննությունը շարունակվում է, և աշխատանքներ են իրականացվում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը անհայտ անձը ներխուժել էր Ստամբուլի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան տարածք և վնասել վեց գերեզման ու մեկ աղբյուր։
Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր դեպքը՝ այն որակելով որպես համայնքի սրբությունների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի դեմ իրականացված հարձակում։
Անի Վարդանյան




























