Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան։։ Ռուսաստանի կողմից նշանակված Կերչի վարչակազմի ղեկավար Իվան Կոշելը հայտարարել է, որ պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նրա խոսքով՝ կենսապահովման համակարգերը ժամանակավորապես աշխատում են պահեստային աղբյուրներով, իսկ ծառայությունները զբաղվում են վերականգնման աշխատանքներով։
«Կրիմեներգո» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման սահմանափակումներ են գործում Ղրիմի արևելյան և հյուսիսարևմտյան հատվածների մի շարք բնակավայրերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցել է 93 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ Ղրիմի և Ռուսաստանի մի շարք շրջանների երկնքում։ Միաժամանակ «Ղրիմյան քամի» ալիքը հայտնել է Կերչի ուղղությամբ ԱԹՍ-ների թռիչքների և պայթյունների մասին, ինչի հետևանքով ժամանակավորապես փակվել է Կերչի կամրջի երթևեկությունը։
Վերջին շաբաթներին Ուկրաինան հարվածներ է հասցնում Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներին․ դրանց հետևանքով թերակղզում արդեն գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։




























