Armenian text to speach

Ռուսաստանի էներգետիկ համակարգը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքի արդյունաբերական գոտին ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը։ «Կան խոցված անօդաչուներ։ Մի՛ մոտեցեք ԱԹՍ-ների բեկորներին։ Մի՛ նկարահանեք և մի՛ հրապարակեք դրանց ընկնելու վայրերի, ինչպես նաև անօդաչուների թռիչքի կամ ՀՕՊ-ի աշխատանքի կադրերը», — իր տելեգրամյան ալիքում գրել է Վլադիմիրովը։ Հարձակման և դրա հետևանքների մասին այլ մանրամասներ նահանգապետը չի հայտնել։

Ըստ տեսահսկման տեսախցիկների կադրերի, որոնք ուսումնասիրել է Astra-ն, հարձակման թիրախը եղել է Նևիննոմիսկի ՊՇԷԿ-ը՝ 1551 ՄՎտ հզորությամբ գազով աշխատող ջերմաէլեկտրակայանը, որն էներգիայով է ապահովում Հյուսիսային Կովկասի մեծ մասն ու տեղական արդյունաբերությունը։ Մասնավորապես, հարվածի տակ է հայտնվել կայանի ՊԳՈւ-410 շոգեգազային տեղակայանքը՝ 410 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը։ Ավերածությունների և տուժածների մասին պաշտոնական տվյալներ չկան։ ՊՇԷԿ-ի հարևանությամբ գտնվում է խոշոր քիմիական ձեռնարկություն՝ «Նևիննոմիսկի Ազոտ» բաժնետիրական ընկերությունը, որը մտնում է «ԵվրոԽիմ» խմբի մեջ։ Գործարանը, ի թիվս այլ արտադրանքի, պայթուցիկ նյութերի բաղադրիչներ է մատակարարում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին (ՌԱՀ) և նախկինում ևս դարձել է անօդաչուների թիրախ։

Մինչ այդ Նևիննոմիսկի արդյունաբերական գոտին հարձակման էր ենթարկվել 2026 թվականի մայիսին։ Այդ ժամանակ նահանգապետը հայտնել էր տեղական ձեռնարկությունների երկու աշխատակցի վիրավորվելու մասին։ Ընդ որում, Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր «Նևիննոմիսկի Ազոտը» առնվազն վեց անգամ ենթարկվել է անօդաչուների հարվածների, այդ թվում՝ երեք անգամ 2026 թվականին՝ մայիսին, մարտին և հունվարին։ Անցյալ տարի ուկրաինական ուժերը երկու անգամ էին հարվածել դրան՝ դեկտեմբերին և օգոստոսին։

Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, ելույթ ունենալով Պետդումայում, անօդաչուների հարձակումների պայմաններում բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքները ձմռանը նախապատրաստելը անվանել է «ամենագլխավոր հարցը»։ Միաժամանակ նա նշել է, որ հարցը հատկապես սուր է Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններում։ Ավելի վաղ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել էր, որ անցած ձմռանը քաղաքը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի 34 զանգվածային հարվածի՝ ենթակայանների և ջերմաէլեկտրակենտրոնների ուղղությամբ, դրանց սարքավորումները լուրջ վնասներ են ստացել, իսկ սաստիկ սառնամանիքների պայմաններում ջեռուցման համակարգը վերագործարկվել է 17 անգամ։




Մամուլի Տեսություն

Լրահոս