«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ԱՍՏՎԱԾ Է ԶԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր դառնալուց հետո երգչուհի Լիանան չի կարողանում այն նույն ակտիվությամբ ստեղծագործել, մասնակցել համերգներին, ինչպես նախկինում էր. բալիկը՝ Ալենչոն, պարզապես դա թույլ չի տալիս։ Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

-Այս պահին բալիկ պահելով եմ զբաղված, ամբողջ ավյունս ու հոգուս ամբողջ աշխարհը նվիրում եմ նրան, ու այլ բանի ժամանակ չի մնում։ Նրա այն տարիքն է, երբ ուզում ես ամեն ինչ իրեն տալ, նվիրել, ու ինքն էլ սպունգի նման վերցնում է այդ ամենը։ Կերակրում եմ, զբոսանքի տանում, երաժշտություն ենք լսում… Ուզում եմ, որ ինքը սիրուն բաներ տեսնի, տարբեր ոճերի երաժշտություն լսի։ Ընդ որում, նա հրաշալի լսողություն ունի, շատ երաժշտական է։
-Իսկ ո՞ւմ հետ եք ապրում։
-Ամուսնուս, տատիկիս։ Ես չեմ պատրաստվում տատիկիս մենակ թողնել. այսքան ինձ պահել, ինձ հետ եղել, ինձ սովորել է։
-Սովորաբար մեծերն այլ կերպ են պատկերացնում փոքրիկի դաստիարակությունը։ Տատիկը այդ հարցում միջամտո՞ւմ է։
-Այո՛։ Բայց տատիկս սովորական տատիկ չէ, ավելի շատ արվեստագետ տատիկ է. երկար տարիներ ֆիլհարմոնիայի, մաեստրո Օրբելյանի, Արթուր Գրիգորյանի, Նադեժդա Սարգսյանի գլխավոր հաշվապահն է եղել։ Ու ես դեռ շատ փոքր էի, երբ գնում, նստում, մաեստրո Օրբելյանի փորձերն էի դիտում։ Մի խոսքով, տատիկս երաժշտության, արվեստագետների մեջ է մեծացել, արվեստագետի հոգեբանություն ունի, դրա համար էլ նրան վստահում եմ։ Ի դեպ, շատ ժամանակակից հայացքներ ունի։ Օրինակ, երբ բեմ դուրս գալուց առաջ շատ փակ զգեստ եմ հագնում, զայրացած ասում է՝ հո տատի՞կ չես, մի քիչ բաց զգե՛ստ հագիր։
-Չե՞ք մտածում այս ընթացքում գոնե տեսահոլովակ նկարահանել, որպեսզի հանդիսատեսը Ձեզ չմոռանա։
-Քանի որ ինձ մոտ, այսպես ասած, հայրենասիրական, հայրենիքոտ թեման լավ է ստացվում, շատերն են ուզում, որ «Էրեբունի-Երեւան» երգը շատ երգեմ։ Եվ հիմա դրա ու մի քանի նոր երգերի գործիքավորումներն են արվում, բայց ձայնագրվելու ոչ միայն ժամանակ, այլեւ տրամադրվածություն չկա. ամբողջ հոգեւոր աշխարհս, ամեն սիրունն ու գեղեցիկը, սերը նվիրում եմ երեխային։ Ինձ ոչ մի բան չի մնում, որ տանեմ, երգի մեջ մտցնեմ։ Երեւի երբ մանկապարտեզի ժամանակը գա, մտքով ու նաեւ ֆիզիկապես մի քիչ պատրաստ կլինեմ ու կզբաղվեմ իմ գործով։ Իսկ հիմա նա պարզապես ինձնից պոկ չի գալիս։ Ես պիտի տանեմ զբոսանքի, ֆիլմ ենք նայում, պիտի պատմեմ այն, բառերի առաջին վանկերն է ասում, հետո հաճույք ստանում, որ իր կիսատ-պռատ ասածը հասկանում են։ Իսկ բեմ դուրս կգամ մեկ օրից. նոյեմբերի 23-ին՝ Արսեն Սաֆարյանի համերգին, նոր դուետով եմ ներկայանալու։
-Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, դերասաններ մասնակցում են քաղաքացիական տարբեր բողոքի ակցիաների: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ ամենին:
-Ես միշտ արդարության համար պայքարել եմ, առհասարակ ինձ միշտ կոնֆլիկտային մարդ են համարել, բայց բալիկիս ծնվելուց հետո մեջս մի տեսակ հանդարտվել է ամեն ինչ, ուրիշ հարթությունից եմ նայում ամեն ինչի, մի տեսակ կյանքի իմաստն է փոխվել։ Շատերն այսօր անչափ կարեւորում են փողը, ունեցվածքը եւ մոռանում են Աստծո մասին, ավելին, ամեն մեկն իր հերթին իրեն աստված է զգում… Չեմ ուզում խառնվել ոչ մի կռվի, ոչ մի լարված վիճակի, չեմ ուզում՝ այդ ամեն ինչը դիպչի բալիկիս, ուզում եմ՝ նա խաղաղություն, սեր, հաճույք, լավ, գեղեցիկ բաներ տեսնի։ Իսկ մնացածը նա դեռ կհասցնի տեսնել։
-Երկրորդ բալիկի մասին չե՞ք մտածում։
-Եթե այդ մասին մտածեմ, մի 3 տարի էլ պիտի ոչինչ չանեմ արվեստի համար։ Ու ավելի լավ է ոչինչ չանեմ, քան թե կիսատ-պռատ անեմ։ Հիթեր կան, որ ապրում են մի քանի ամիս, լավագույն դեպքում՝ մի տարի, բայց ինչի մեջ հոգի ես դնում ու կյանք, երկար է ապրում։ Օրինակ՝ «Երեւան» երգը 2001 թվականից երգում եմ, բայց այն այսօր էլ լսում են, ավելին, երգը մտել է մանկապարտեզների հիմնական ծրագրի մեջ, որի համար շնորհակալ եմ առաջին հերթին ժողովրդին։ Ամեն մարդ պետք է միայն իր գործն անի եւ որակով անի։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս