Ո՞վ է տնային կալանքի տակ գտնվող անձը և ինչի՞ համար էր հայտնվել տնային կալանքի տակ։
Այսօր հայտնի դարձավ, որ տնային կալանքի տակ գտնվող 28-ամյա տղամարդը ընկել է լուսամուտից։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ տնային կալանքի տակ գտնվող 28-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում։ Ըստ կայքի՝ Միսակ Վ.-ն 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Մեզ հայտնի դարձավ, որ մահացած անձը 28-ամյա Միսակ Ավետիսյանն է։ Վերջինս մեղադրյալի աթոռին էր հայտնվել այն բանի համար, որ, բնակարան ապօրինի մուտք գործելով և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանել էր Վարդուհի Արթուրի Խաչատրյանին պատկանող՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 9-րդ շենքի 44-րդ բնակարանի մոտ, որտեղ իր մոտ առկա հարմարեցված բանալու միջոցով բացել էր Վարդուհի Խաչատրյանի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն նկատվելով այդ ժամանակ բնակարանում գտնվող Վարդուհի Խաչատրյանի կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և հեռացել էր։
Դատարանը վճռել էր Մեղադրյալ Միսակ Վաչագանի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել էր մեղադրյալ Միսակ Վաչագանի Ավետիսյանի անազատության մեջ պահելու 3 (երեք) ամիս 5 (հինգ) օրը, և վերջնական պատիժ էր սահմանվել ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Միսակ Վաչագանի Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով։
Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, սակայն դատարանները առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էին անփոփոխ։ Եվ ահա, որոշումից մեկ ամիս անց, կասկածելի հանգամանքներում 28-ամյա երիտասարդի մարմինը հայտնաբերվում է շենքի բակում։ Ո՞վ կամ ինչո՞ւ նրան դրդեց ինքնասպանության. հուսանք՝ այս հարցերի պատասխանները կտա նախաքննական մարմինը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























