Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և Իսպանիայի երիտասարդ աստղ Լամին Յամալը կիրակի օրը կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչում առաջին անգամ միմյանց դեմ խաղադաշտ դուրս կգան։
Սակայն նրանց պատմությունը սկսվել է դեռևս 2007 թվականին, երբ 20-ամյա Մեսսին արդեն «Բարսելոնայի» հիմնական կազմի խաղացող էր, իսկ Յամալը՝ ընդամենը հինգ ամսական։
Այդ ժամանակ կատալոնական Sport թերթի, «Բարսելոնայի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնության շրջանակում անցկացվել էր վիճակահանություն, որի հաղթողները հնարավորություն էին ստանում լուսանկարվել ակումբի առաջին թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ։ Լամին Յամալի ընտանիքը նույնպես հաղթել էր, և պատահականության արդյունքում նրանց բաժին էր ընկել հենց Լիոնել Մեսսին։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Մեսսին գրկում և լողացնում փոքրիկ Յամալին «Կամպ Նոուի» հանդերձարանում։ Լուսանկարների հեղինակը՝ կատալոնացի լուսանկարիչ Ժոան Մոնֆորտը, BBC Sport-ին ասել է, որ այդ կադրերը «ճակատագրի իսկական հրաշք» են։
«Եթե այս պատմությունը ֆիլմում լիներ, մարդիկ կմտածեին, որ դա անհավանական է։ Այն, ինչ տեղի ունեցավ, պարզապես ճակատագրի զարմանալի խաղ էր»,- ասել է նա։
Լուսանկարները նորից լայն տարածում գտան 2024 թվականին, երբ Լամին Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այդ ժամանակ նրա հայրը՝ Մունիր Նասրաուին, հրապարակել էր հայտնի լուսանկարներից մեկը՝ գրելով. «Երկու լեգենդների սկիզբը»։
Մոնֆորտը պատմել է, որ լուսանկարահանման ժամանակ Մեսսին շատ ամաչկոտ էր և սկզբում չգիտեր՝ ինչպես վարվել նորածնի հետ։
«Նա շատ համեստ ու ամաչկոտ երիտասարդ էր։ Երբ մտավ հանդերձարան ու տեսավ, որ պետք է լուսանկարվի նորածնի հետ, նրա դեմքից երևում էր, որ չգիտի՝ ինչ անել։ Բայց շատ արագ հարմարվեց իրավիճակին»,- հիշել է լուսանկարիչը։
Այսօր 39-ամյա Մեսսին համարվում է ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը, իսկ 19-ամյա Յամալը՝ նրա ամենահավանական ժառանգը «Բարսելոնայի» աջ եզրում։
Յամալը, որն արդեն երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Իսպանիայի գավաթը և Եվրո-2024-ի հաղթողի տիտղոսը, աշխարհի առաջնության եզրափակչում առաջին անգամ կփորձի հաղթել հենց այն ֆուտբոլիստին, ով գրեթե երկու տասնամյակ առաջ նրան գրկել էր որպես նորածին։
Լուսանկարիչ Ժոան Մոնֆորտը խոստովանել է, որ եզրափակչից առաջ երկակի զգացողություններ ունի։
«Կարծում եմ՝ նրանց պատմության շրջանը փակվում է։ Իմ սիրտը երկու մասի է բաժանվել։ Մի կողմից ցանկանում եմ, որ Մեսսին ավարտի կարիերան աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալով, մյուս կողմից՝ Յամալն էլ արժանի է այս հաջողությանը»,- ասել է նա։

Ա․Վ․




























