Armenian text to speach

Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել նավթատար․ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է սրվել․ երեքշաբթի՝ հուլիսի 21-ին, նավթատար նավերից մեկը հարձակման է ենթարկվել, իսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը շարունակվում է։ Միևնույն ժամանակ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին մեկնել է Պակիստան՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն պնդում է, որ թիրախավորել է Բահրեյնում գտնվող երկու ամերիկյան հենակետերում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադարներ, ինչպես նաև Քուվեյթում գտնվող հրթիռային պաշտպանության ռադարներ և արբանյակային ընդունման համակարգեր։

Իրանի ռազմական կառույցը նաև հայտնել է, որ կանգնեցրել է երկու «չենթարկվող նավթատար նավեր», որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցի «անվտանգ չհամարվող հարավային երթուղով»։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավերում պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։

Միևնույն ժամանակ Միացյալ Թագավորության ծովային առևտրային օպերացիաների կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ երեքշաբթի ստացել է տեղեկություն Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա տեղի ունեցած միջադեպի մասին։ Ըստ հաղորդագրության՝ նավթատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով անձնակազմը ստիպված է եղել լքել նավը։

«Անձնակազմը լքել է նավը և այժմ գտնվում է փրկարարական նավակում»,- հայտնել է UKMTO-ն X սոցիալական հարթակում։

Միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Իրանի դեմ հարվածների տասներորդ անընդմեջ գիշերն ավարտելու մասին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային հնարավորություններին, հրթիռների և անօդաչու սարքերի արձակման վայրերին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին։

ԱՄՆ հրամանատարությունը նաև նշել է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են պատասխանատվության ենթարկել Իրանին՝ «նեղուցով ազատ և բաց տեղաշարժ իրականացնող քաղաքացիական նավաստիների նկատմամբ չարդարացված ագրեսիայի համար»։

Հորմուզի նեղուցում լարվածությունը ազդել է նավթի գների վրա

Վերջին շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ։ Այդ ջրային ճանապարհը համարվում է աշխարհում նավթի և բնական գազի փոխադրումների համար կարևորագույն ուղիներից մեկը։

Լարվածության հետևանքով նեղուցով երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարել է, ինչը վերջին շաբաթներին հանգեցրել է նավթի գների աճի։

Միջազգային շուկաներում Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 3.2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90.95 դոլարի։ ԱՄՆ WTI տեսակի նավթը թանկացել է 2.8 տոկոսով՝ հասնելով 84.04 դոլարի։

Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը

Չնայած ռազմական գործողությունների սրմանը՝ Պակիստանը շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ որպես հակամարտության հնարավոր միջնորդ։

Երկուշաբթի Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին ժամանել է Իսլամաբադ, որտեղ հանդիպումներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և այլ պաշտոնյաների հետ։ Սակայն դեռևս հստակ չէ՝ արդյոք բանակցությունները կապված են Պակիստանի միջնորդական նախաձեռնության հետ։

Ավելի վաղ՝ մեկ օր առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ, սակայն ընդգծել էր, որ հնարավոր համաձայնությունը պետք է լինի «իրական» և այնպիսին, որը Իրանը պատրաստ կլինի կատարել։

Անի Վարդանյան




Լրահոս