Armenian text to speach

Իրանը խստացրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի զինված ուժերը բարձրացրել են մարտական պատրաստվածության մակարդակը և խստացրել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Աքրամինիան, հայտնում է Mehr գործակալությունը։

Նրա խոսքով՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Հաթամիի հրահանգով ներկայումս ավելի խիստ վերահսկողություն և մշտադիտարկում է իրականացվում Հորմուզի նեղուցում։

Աքրամինիան նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և նեղուցում չհամաձայնեցված տեղաշարժերը՝ առանց Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցման ջրային այդ տարածքով անցնող նավերը ենթարկվում են մեծ վտանգների։ Նա պնդել է, որ նման նավեր պայթել են՝ բախվելով ծովային ականներին։

Իրանի բանակի խոսնակը նավատերերին կոչ է արել Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար անհրաժեշտ համաձայնեցում իրականացնել Իրանի զինված ուժերի հետ։

Նա նաև հայտարարել է, որ նոր ռազմական համակարգերի ներդրման, առկա համակարգերի կատարելագործման և բանակի մարտական կառուցվածքի ամրապնդման շնորհիվ զգալիորեն ընդլայնվել են նեղուցի նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման հնարավորությունները։

Աքրամինիան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ ռազմական, քաղաքական և տնտեսական ճնշումներ գործադրելու մեջ՝ նշելով, որ Վաշինգտոնի գործողությունները դուրս են գալիս միջուկային ծրագրի, տարածաշրջանային հարցերի և հրթիռային ծրագրի շրջանակներից։

Նրա պնդմամբ՝ Իրանը կարողացել է կանխել հակառակորդի նպատակների իրականացումը, իսկ երկրի դեմ շարունակվող ճնշումները ներառում են նաև հիբրիդային պատերազմի բաղադրիչներ։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս