Հնդկաստանի կառավարությունը դիմել է GitHub-ին՝ պահանջելով հեռացնել Bitchat հաղորդագրությունների հավելվածի պահոցները։ Իշխանությունները պնդում են, որ հավելվածը կարող է օգտագործվել ինտերնետի անջատումները շրջանցելու և բողոքի ցույցերի ժամանակ վերահսկողությունից խուսափելու համար։
Bitchat-ը ստեղծել է Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսի-ն։ Հավելվածը թույլ է տալիս մարդկանց հաղորդագրություններ ուղարկել առանց բջջային ինտերնետի կամ կենտրոնական սերվերների՝ օգտագործելով Bluetooth կապը։
Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ նման տեխնոլոգիաները կարող են դժվարացնել իրավապահների աշխատանքը և օգտագործվել զանգվածային հավաքների կազմակերպման համար։ Պահանջը ներկայացվել է Դելիում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, որտեղ որոշ մասնակիցներ, ըստ տեղեկությունների, օգտագործել են Bluetooth-ով աշխատող հավելվածներ՝ կապը պահպանելու համար։
Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն հաստատել, որ հենց Bitchat հավելվածն է օգտագործվել ցույցերի ընթացքում։
Bitchat-ը համարվում է ապակենտրոնացված հաղորդակցության գործիք․ այն չի պահանջում գրանցում, հեռախոսահամար կամ ինտերնետ կապ, ինչը այն դարձնում է օգտակար այն վայրերում, որտեղ կապը սահմանափակ է, բայց նաև դժվարացնում է հաղորդակցությունների վերահսկումը։




























