Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 24-ին և 25-ին երկրում տեղի ունեցած էլեկտրականության զանգվածային վթարային անջատման փաստերի կապակցությամբ հետաքննություն է սկսել սաբոտաժի հոդվածով:
Շաբաթ՝ Թբիլիսիի ժամանակով մոտավորապես ժամը 8:00-ին, ամբողջ Վրաստանը հոսանքազրկվել էր, ինչի հետևանքով, ըստ տեղեկությունների, դադարեցվել էր Վրացական երկաթուղիների և Թբիլիսիի մետրոյի երթևեկությունը։
Ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգ» ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգիան վերականգնվել է, և անջատման պատճառը հետաքննվում է։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողների հետ զրույցում անսովոր է համարել երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման փաստը և հույս է հայտնել, որ բոլոր մանրամասները կպարզվեն:
«Կարևոր է պարզել բոլոր մանրամասները, բացահայտել, եղել է մարդկային սխալ, միջամտություն թե դիվերսիա»,- ասել է Պապուաշվիլին։




























