ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վաղը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրավիրել է նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն և հաստատվեն Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նիստը վարելու է վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ սպասվող քննարկումները լինելու են բավականին լարված, քանի որ որոշ հանձնաժողովների ղեկավարների հարցում կուսակցության ներսում առկա են տարբեր մոտեցումներ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստում կարող են որոշվել նաև մի շարք գործող ՔՊ-ական պատգամավորների հետագա պաշտոնական ճակատագրերը։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ որոշ պատգամավորներ մտահոգ սպասում են վարչության որոշումներին՝ հասկանալու համար՝ կպահպանե՞ն արդյոք հանձնաժողովներում իրենց ազդեցիկ դիրքերը, թե՞ տեղի կունենան փոփոխություններ։
Հատկանշական է, որ ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ Ալեն Սիմոնյանն արդեն տեղեկացրել է կուսակցության ղեկավարությանը, որ վարչության նիստին չի մասնակցելու։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սիմոնյանը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չէ և մինչև օգոստոսի կեսը չի վերադառնա։
Մինչ այդ, Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ԱՄՆ-ից արդեն վերադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը, ըստ իշխանական աղբյուրների, մասնակցելու է վաղվա նիստին։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վաղվա նիստը կարող է դառնալ ՔՊ-ի ներքին վերադասավորումների հերթական կարևոր փուլը։ Թե ովքեր կստանան ԱԺ հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար իշխանության աջակցությունը և արդյոք կլինեն անակնկալ փոփոխություններ, պարզ կդառնա արդեն առաջիկա ժամերին։
Սոնա Գրիգորյան




























