«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շուրջ մի շարք հարցեր են առաջացել։ Մասնավորապես, անհայտ կորած անձանց բազմաթիվ հարազատներ չեն ստացել համաժողովին մասնակցելու հրավեր, իսկ նրանց և ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տաթևիկ Սողոյանին առհասարակ թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը։
Թեև համաժողովը նվիրված է անհայտ կորած անձանց ճակատագրին և նրանց ընտանիքների խնդիրներին, պարզվում է՝ այդ հարցերով տարիներ շարունակ պայքարող ոչ բոլոր մարդիկ են հնարավորություն ունեցել ներկա գտնվելու քննարկումներին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ովքեր են մասնակցել համաժողովին, ինչ հարցեր են քննարկվել, և ինչու են անհայտ կորածների հարազատներից ոմանք դուրս մնացել այդ գործընթացից։
Մեզ հետ զրույցում անհայտ կորած անձի հորեղբայր Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նոյեմբերի 18-ին անհայտ կորած անձանց մի քանի ծնողներ հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Սակայն թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում, իրեն հայտնի չէ։
Ղուկասյանը նաև տարակուսանք հայտնեց, թե ընդհանրապես ինչ կարող է Ալեն Սիմոնյանն ասել անհայտ կորածների հարազատներին։
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կարող է ասել Ալեն Սիմոնյանը այդ ծնողներին։ Ասենք՝ դա նույն Ալեն Սիմոնյանն է, որ մի քանի տարի առաջ ասում էր, որ մենք գերի չունենք, մեզ գերի պետք չի։ Դա նույն Ալեն Սիմոնյանն է, ով գաղտնիության կոդ դրեց պատերազմի քննիչ հանձնաժողովի նյութերի վրա, ուղարկեց արխիվ, որ հանրությանը չհասնի։ Այսքանից հետո գնաս նույն Ալեն Սիմոնյանին տեսնես, ի՞նչ ասես, որ ի՞նչ քեզ ասի։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում իմանալ»,- ասաց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաև փաստաբան Տաթևիկ Սողոյանի հետ, ով հաստատեց, որ նման հանդիպում իսկապես տեղի է ունեցել։ Թեև փաստաբանը չի տիրապետում հանդիպման ամբողջական մանրամասներին, նրա փոխանցմամբ՝ իրեն հասած տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների ծնողների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև իր՝ համաժողովին մասնակցելու հարցը։
«Ինձ փոխանցեցին, որ Ալեն Սիմոնյանն ասել է, թե ինձ չի ճանաչում և չճանաչելով հանդերձ՝ խնդիր չի տեսնում իմ մասնակցության մեջ, բայց փաստը մնում է փաստ, որ ի վերջո պատասխանը պետական ապարատի կողմից այլ է եղել»,- ասաց փաստաբանը։
Ստացվում է՝ անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում քննարկումների մասնակիցների ընտրության հարցն ինքնին դարձել է առանձին հարց։ Մինչդեռ անհայտ կորածների հարազատների համար ամենակարևորը շարունակում է մնալ իրենց հարազատների ճակատագրի պարզաբանումը, իսկ հանրության համար՝ հասկանալը, թե ովքեր են իրականում ներգրավված այդ գործընթացում և ինչ արդյունքներ են ակնկալվում նման հանդիպումներից։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզաբանում ստանալ նաև հանդիպման և համաժողովի կազմակերպիչներից՝ հասկանալու համար, թե ինչ սկզբունքով են ընտրվել մասնակիցները և ինչու են որոշ հարազատներ ու նրանց իրավունքները պաշտպանող փաստաբանը դուրս մնացել հրավիրվածների ցանկից։
Աննա Հանյան
























































































