Armenian text to speach

Զելենսկի․ «Իրանն ու Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի արդեն ներգրավվել են պատերազմի մեջ՝ Ռուսաստանին մատակարարելով զենք, ռազմական տեխնոլոգիաներ և զինվորականներ։ Այդ մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ճակատ չբացվի։ Սակայն պետք է ազնիվ լինենք․ իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա։ Նրանք Ռուսաստանին տվել են անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, 155 մմ հրետանային արկեր և մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր»,– ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Իրանը պատերազմի առաջին տարում Ռուսաստանին փոխանցել է հազարավոր Shahed անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրության լիցենզիա, ինչը, ըստ նրա, արդեն իսկ նշանակում է անմիջական մասնակցություն Ուկրաինայի դեմ պատերազմին։

Զելենսկու այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են Իրանի վերջին սպառնալիքների մասին՝ կապված Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի ենթադրյալ հարձակման հետ։ Հուլիսի 25-ին Թեհրանը Կիևին մեղադրել էր ագրեսիայի մեջ, հայտարարել, որ կպաշտպանի իր ազգային անվտանգությունը, իսկ Իրանի արտգործնախարարը սպառնալիք էր հրապարակել X-ում՝ ուղղված Զելենսկիին։

Նույն օրը Զելենսկին հայտարարել էր Կասպից ծովում «հեռահար հարվածների շատ ուժեղ արդյունքների» մասին՝ նշելով, որ թիրախավորվել են Իրանից ռազմական բեռներ տեղափոխելու համար օգտագործվող նավերը։ Նա նաև ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինծառայող և նոր բալիստիկ հրթիռային համակարգեր։




Լրահոս