Ազգային ժողովի իններորդ գումարման մեկնարկով խորհրդարանում հայտնվել են նոր և բավականին երիտասարդ դեմքեր: ArmLur.am-ը արձանագրել է, որ խորհրդարանական նոր ուժերի և իշխող խմբակցության շարքերում առանձնանում են երկու պատգամավորներ, որոնք «հազիվ» հատել են օրենքով սահմանված տարիքային շեմը: Ներկայացնում ենք ուշագրավ մանրամասներ նրանց կենսագրությունից, գույքային վիճակից և անցյալից:
Քաղաքական արագ վերելք և անհասկանալի ֆինանսներ. Սյուզաննա Սայադյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենաերիտասարդ ներկայացուցիչներից է 25-ամյա Սյուզաննա Վարդգեսի Սայադյանը: Նա ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին և դեռ 21 տարեկանում՝ 2021 թվականին, դարձել Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու անդամ: Այժմ նա ոչ միայն պատգամավոր է, այլև ընդգրկված է ԱԺ հաշվիչ հանձնախմբում:
Թեև Սայադյանի քաղաքական կարիերան շատ արագ է զարգացել, նույնը դժվար է ասել նրա գույքային վիճակի մասին, իսկ աշխատանքային այլ փորձի մասին բաց աղբյուրներում տվյալներ չկան։ Պաշտոնական հայտարարագրերի համաձայն՝ նա չունի անշարժ գույք, իսկ միակ տրանսպորտային միջոցը 2003 թվականի արտադրության «Nissan» մակնիշի ավտոմեքենա է (գնահատված մոտ 3000 ԱՄՆ դոլար), որը որպես նվիրատվություն ձեռք է բերել 2021-ին: Նրա 2024 թվականի եկամուտը՝ մոտ 3.4 միլիոն դրամ, գոյացել է բացառապես ՔՊ-ից ստացված աշխատավարձից, իսկ կանխիկ միջոցները կազմել են ընդամենը 400 հազար դրամ:
Ուշագրավ է նրա 2023 թվականի հայտարարագիրը, որտեղ ի հայտ է եկել 2.5 միլիոն դրամի փոխառություն՝ առանց հստակ պարզաբանման (տրամադրված է, թե ստացված), և միաժամանակ արձանագրվել է նույն չափի միանվագ ծախս: Հարց է առաջանում՝ արդյոք այս արագ քաղաքական առաջխաղացումն ուղեկցվում է բավարար փորձով ու թափանցիկությամբ, թե՞ գործ ունենք հերթական կուսակցական կադրի հետ, որի հանրային ակտիվությունը գերազանցում է իրական կենսագրական կշիռը:
Թատրոնից մինչև պետական կառավարում. Շիրազ Մանուկյան
Խորհրդարանական ընդդիմության՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության շարքերում աչքի է ընկնում Շիրազ Սմբատի Մանուկյանը: Ծնված 2001 թվականի մարտի 10-ին, նա նույնպես դարձել է Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորներից մեկը:
Նրա կենսագրությունը բավականին հետաքրքիր անցումներ ունի. թեև այժմ ներկայացնում է նոր քաղաքական ուժ, նախկինում եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ուսանողական կազմակերպության ակտիվ անդամ: Մասնագիտությամբ Շիրազ Մանուկյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, սակայն այժմ որոշել է փոխել ուղղվածությունն արվեստից դեպի քաղաքագիտություն ու ուսումը հիմա շարունակում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում: Մանուկյանը հայտարարագիր չի ներկայացրել։
Ի՞նչ է ասում Սահմանադրությունը
Հատկանշական է, որ երկու նորընտիր պատգամավորներն էլ խորհրդարան են մուտք գործել՝ հազիվ հատելով օրենքով պահանջվող տարիքային նվազագույն շեմը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սոնա Գրիգորյան




























