ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, համայնքի քաղաքային մարզահամալիրի` 0.466 հա մակերեսով, 3.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը և 980,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մարզահամալիրի կիսակառույց շենքն օտարել է ՍՊ ընկերությանը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ՍՊ ընկերությանը 0,466 հա մակերեսով հողամասը առուվաճառքի պայմանագրով օտարել է նշված ընկերությանն այն պայմաններում, երբ աճուրդ-վաճառքը կայացած է եղել վերը նշված քաղաքային մարզահամալիրի կիսակառույց շենքի վերաբերյալ, որի հիման վրա ընկերության տնօրենն իր համար ակնհայտ կեղծ պայմանագիրը ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանում, և դրանց նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, նույն ՍՊ ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ օժանդակությամբ համայնքի՝ 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողն օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ ապօրինի օտարել է նշված ընկերությանը: Արդյունքում՝ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որպիսի դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել Շատին համայնքի օրինական շահերին:
ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հատատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




























