«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել և հանրությանն է ներկայացնում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթևիկ Կարապետյանի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար։
1997 թվականին ծնված Տաթևիկ Կարապետյանը ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի մայիսի 13-ին։ Երիտասարդ պաշտոնյան արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։ Ուսումնասիրելով պաշտոնավարման բոլոր տարիների հայտարարագրերը՝ ակնհայտ է դառնում, որ Տաթևիկ Կարապետյանը պաշտոնապես որևէ անշարժ գույք կամ սեփական ավտոմեքենա չի ունեցել, սակայն աչքի է ընկնում բանկային հաշիվներում առկա խոշոր գումարներով և վերջին տարում աշխատավարձի կտրուկ, հարցեր առաջացնող աճով։
Համեմատելով Տաթևիկ Կարապետյանի ունեցվածքի ֆինանսական պատկերը՝ կարելի է արձանագրել, որ 2022 թվականին պաշտոնը ստանձնելիս նա չուներ սեփական անշարժ և շարժական գույք, իսկ ակտիվները սահմանափակվում էին բանկային հաշիվներում առկա 4․5 միլիոն դրամով ու 10 հազար ԱՄՆ դոլարով, ինչպես նաև 4․5 միլիոն դրամ կանխիկ գումարով, մինչդեռ 2025 թվականի դրությամբ, թեև գույքային մասով որևէ ձեռքբերում այդպես էլ չի գրանցվել, նրա բանկային հաշիվներում առկա միջոցներն աճել են՝ հասնելով ընդհանուր առմամբ ավելի քան 6 միլիոն դրամի ու 11 հազար դոլարի, կանխիկ միջոցները նվազել են մինչև 1.5 միլիոն դրամի, իսկ տարեկան պաշտոնական եկամուտը հասել է 14․89 միլիոն դրամ ցուցանիշին։
Պաշտոնի ստանձնումը 2022 թվականին
2022 թվականի մայիսի 13-ին պաշտոնը ստանձնելիս ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Տաթևիկ Կարապետյանը չի ունեցել սեփականության իրավունքով անշարժ գույք, տրանսպորտային միջոց, արժեթղթեր կամ թանկարժեք գույք: Միակ շարժական գույքը եղել է 2015 թվականի արտադրության «Hyundai» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որը նա փաստացի տիրապետել է 90 օրից ավելի, սակայն այն իրեն սեփականության իրավունքով չի պատկանել։
Դրամական միջոցների մասով պաշտոնը ստանձնելու պահին նրա բանկային հաշիվներում հայտարարագրվել է 4 միլիոն 500 հազար դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար։ Բացի այդ, նա ունեցել է 4 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որպես եկամուտ նշվել է մինչև պաշտոնի ստանձնումը «Նոր Լրատվական» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 604 հազար 999 դրամ աշխատանքի վարձատրությունը։
Ֆինանսական պատկերը 2023-2024 թվականներին
Հաջորդող տարիներին նախագահի խորհրդականը շարունակել է պահպանել անշարժ գույք կամ սեփական ավտոմեքենա չունենալու միտումը, իսկ հայտարարագրերից անհետացել է նաև նախկինում փաստացի շահագործվող ավտոմեքենան։ 2024 թվականի տվյալներով՝ նրա դոլարային հաշվում տարվա սկզբին առկա 10 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին նվազել և դարձել է 9 հազար 681 դոլար։ Դրամային հաշիվներից մեկում առկա 4 միլիոն 500 հազար դրամը տարեվերջին ամբողջությամբ նվազել ու դարձել է զրո, իսկ մյուս հաշվում առկա 1 միլիոն դրամը դարձել է 886 հազար 96 դրամ։
Կանխիկ գումարն այս տարիներին մնացել է կայուն ու անփոփոխ՝ 4 միլիոն 500 հազար դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թվականի ընթացքում Հանրապետության նախագահի աշխատակազմից նրա ստացած տարեկան աշխատավարձը կազմել է 3 միլիոն 648 հազար 977 դրամ։ Այս ժամանակահատվածում նա չի ունեցել վարկեր կամ փոխառություններ և չի կատարել հայտարարագրման ենթակա որևէ խոշոր ծախս։
2025 թվականի հայտարարագիրը. իրական ա՞ճ, թե՞ վրիպակ
2025 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս, որ Տաթևիկ Կարապետյանը կրկին ձեռնպահ է մնացել անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց ձեռք բերելուց, սակայն նրա դրամական միջոցներն ու եկամուտներն էական փոփոխություններ են կրել։ Նախորդ տարվա զրոյական մնացորդով երկու բանկային հաշիվներում տարեվերջին գոյացել են համապատասխանաբար 803 հազար 80 դրամ և 2 միլիոն 969 հազար 666 դրամ։ Դոլարային հաշվի մնացորդը 9 հազար 681 դոլարից աճել է մինչև 11 հազար ԱՄՆ դոլարի, իսկ մեկ այլ դրամային հաշվում գումարը 886 հազար 96 դրամից հասել է 2 միլիոն 330 հազար 766 դրամի։ Միևնույն ժամանակ, կանխիկ դրամը 4 միլիոն 500 հազար դրամից նվազել է՝ կազմելով 1 միլիոն 530 հազար 333 դրամ։

Ամենամեծ ուշադրությունը գրավում է պաշտոնյայի աշխատավարձի կտրուկ աճը։ Եթե 2024 թվականին նա որպես աշխատանքի վարձատրություն ստացել էր շուրջ 3.6 միլիոն դրամ, ապա 2025 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմից նրան վճարվել է գրեթե չորս անգամ ավելի մեծ գումար՝ 14 միլիոն 899 հազար 978 դրամ։

Այստեղ տրամաբանական հարց է ծագում. միգուցե գործ ունենք սխալ ներկայացված հայտարարագրի՞ հետ, և նախորդող տարվա 3 միլիոնի փոխարեն իրականում պետք է լիներ 13 միլիո՞ն դրամ։ Թե՞ նախագահի աշխատակազմում խորհրդականի պաշտոնում իսկապես հնարավոր է ընդամենը մեկ տարվա ընթացքում աշխատավարձի նման կտրուկ բարձրացում արձանագրել: Սա մի հարց է, որն անշուշտ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Սոնա Գրիգորյան























































































