Armenian text to speach

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արգենտինահայ դպրոցականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Դերձակյան» երկրորդական վարժարանների, «Արծրունի» և ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» ազգային վարժարանների շրջանավարտներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, շնորհավորեց նրանց ուսումնառության կարևոր փուլի ավարտի առիթով՝ գոհունակությամբ ընդգծելով, որ համայնքային կյանքում ազգային կրթական հաստատությունների առաքելությունը մեծապես նպաստում է հայի ինքնության պահպանմանը և մատաղ սերնդի՝ ազգային ու հոգևոր նկարագրի կերտմանը:

Նորին Սրբությունը հավելեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան, ինչը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայրենի իրականությանը, տարբեր ճանաչողական այցելություններով հաղորդ դառնալու պատմական անցյալին ու ժառանգությանը: Անդրադառնալով Սուրբ Էջմիածնի դերին և առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունն ուժ ու զորություն է ստացել Սուրբ Էջմիածնից և հայրենի հողից։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց վարժարանների հոգաբարձուներին, տնօրինությանը և մանկավարժներին՝ աշակերտների հայեցի կրթության և դաստիարակության գործում ներդրած նվիրյալ ծառայության համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շրջանավարտներին հայրենիքից ոգեշնչված և հոգեպես զորացած վերադառնալ իրենց համայնքներ, իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր ու եկեղեցանվեր, մշտապես զորացնել արգենտինահայ համայնքային կյանքը և պահպանել ազգային գիտակցությունն ու ոգին




Լրահոս