ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նոր անդամը գրող, հրապարակախոս, գրականագետ Կարո Վարդանյանն է։
Կարո Վարդանյանը ավագանու մանդատը ստանձնել է Մեսրոպ Մանուկյանի փոխարեն, որը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընտրվել է պատգամավոր և վայր է դրել ավագանու մանդատը։
Կարո Վարդանյանը հայկական գրական և հասարակական կյանքի ճանաչված ներկայացուցիչներից է։ Նա գրող, հրապարակախոս և գրականագետ է, երկար տարիներ ղեկավարել է Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը, ինչպես նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ Վերջին տարիներին ակտիվորեն հանդես է գալիս հասարակական-քաղաքական մեկնաբանություններով և հրապարակային ելույթներով։
Վարդանյանը մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործություններում առանցքային տեղ են զբաղեցնում ազգային ինքնության, պատմական հիշողության, պատերազմի, սոցիալական հարաբերությունների և մարդկային արժեքների թեմաները։ Նրա հեղինակած գործերից են՝ «Մեր անունը Մհեր է» պատմվածքների ժողովածուն, «Վերջին զոհը» վեպը, «Ընտանիքը» պատմվածքների շարքը, ինչպես նաև «Աջակցություն» դրաման։
Նրա մուտքը Երևանի ավագանի նշանակում է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը համալրվում է ոչ միայն հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող, այլև մշակութային և գրական ոլորտում բազմամյա փորձ ունեցող գործչով։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու կազմից դուրս եկավ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո, ինչից հետո, օրենքի պահանջներին համապատասխան, մանդատը փոխանցվեց ընտրական ցուցակի հերթական թեկնածու Կարո Վարդանյանին։
Նանիկ Աղասյան




























