ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին, երբ հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (նախկինում՝ Գևորգ) Սարոյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև իրավական վեճը, քաղաքացիները հիշում են տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդամենը մի քանի տարի առաջ, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, այն ժամանակ դեռևս եպիսկոպոս հանդիսացող Գևորգ Սարոյանը ծանր ավտովթարի է ենթարկվել։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա առողջական վիճակը եղել է ծանր, և սկզբնական շրջանում բուժօգնության կազմակերպման հարցում առաջացել են բարդություններ։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում միջամտել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել կազմակերպել անհրաժեշտ բուժօգնությունն ու բարդ վիրահատությունը։
ArmLur.am-ի աղբյուրները նաև պնդում են, որ վիրահատության և բուժման ամբողջ ծախսերը հոգացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։
Ըստ մեր զրուցակիցների՝ կազդուրվելուց հետո Գևորգ Սարոյանը վերադարձել է Հայաստան և գրավոր շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին։ Աղբյուրների հավաստմամբ՝ այդ նամակում նա ընդգծել է, որ Վեհափառի աջակցությամբ իրականացված բուժումն իր համար «երկրորդ կյանք» է դարձել։
Այսօր, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է։ Արման Սարոյանը հրապարակայնորեն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը և հենց նրա նախաձեռնած դատական գործընթացի շրջանակում այսօր դատարանի առաջ որպես մեղադրյալներ են ներկայանալու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները։ Այս դատավարությունն արդեն իսկ գնահատվում է որպես աննախադեպ՝ նորագույն Հայաստանի եկեղեցական պատմության մեջ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցական և հավատավոր շրջանակներում հաճախ հիշատակվում է նաև այն հանգամանքը, որ նախկինում Վեհափառ Հայրապետին ուղղված երախտագիտության խոսքերից հետո այսօր ստեղծվել է բոլորովին հակառակ իրավիճակը։
Ըստ նույն աղբյուրների՝ երբ Արման Սարոյանի մերձավորներից հարցրել են՝ «Սրբազա՛ն, դուք չէիք ասո՞ւմ, որ Վեհափառը ձեզ երկրորդ կյանք է պարգևել»։
Ի պատասխան մերձավորի հարցադրման՝ Արման Սարոյանը պատասխանել է՝ «Ես դրա համար արդեն գրավոր շնորհակալությոն հայտնել եմ»։
Այս ամենի ֆոնին շատ հոգևորականներ հիշեցնում են Ավետարանի այն պատգամը, որը հնչեց Քրիստոսի շուրթերից խաչի վրա.
«Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34)։
Անկախ ընթացող դատական գործընթացից և հասարակական գնահատականներից՝ եկեղեցական շրջանակներում համոզված են, որ քրիստոնեական կյանքի առանցքը շարունակում են մնալ ներողամտությունը, ողորմածությունը և աղոթքը նույնիսկ նրանց համար, որոնց հետ առկա են ամենածանր տարաձայնությունները։
Նանիկ Աղասյան




























