Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող, անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՍԱՏՄ-ից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝
- արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը,
- պատշաճ չեն իրականացվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները,
- հատակների և պատերի մակերևույթները չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
- արտադրամասն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։
Արտադրական գործունեությունը կասեցվել է։
Հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար տնտեսավարողին սահմանվել է ժամկետ։
Սննդամթերքի անվտանգության պահանջն առաջնային է։




























