Armenian text to speach

27.8 մլն դրամ եկամուտ, 3 բնակարան ու 25 հազար դոլար կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պետական պաշտոնյաների և պաշտոնատար անձանց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի գույքի, եկամուտների և ծախսերի փոփոխությունները ։

Սիլվա Մարկոսյանը ԿԸՀ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հուլիսի 13-ից։

2025 թվականի հայտարարագիրը

2025 թվականի սկզբում Սիլվա Մարկոսյանի անունով առկա է եղել երեք բնակարան՝ Երևանի Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2012 թվականին՝ նվիրատվության, իսկ երկուսը՝ 2018 և 2020 թվականներին՝ գնման եղանակով։

2025 թվականի ընթացքում Մարկոսյանը ժառանգության կարգով ստացել է բազմաբնակարան բնակելի շենքում տարածք։

Միաժամանակ, հայտարարագրում նշված է նաև, որ այդ տարում Մարկոսյանը գնման եղանակով ձեռք է բերել Արարատի մարզի Մասիսում գտնվող հողամաս՝ 4 մլն 300 հազար դրամ արժեքով։

2025 թվականի ապրիլի 22-ին Մարկոսյանը վաճառել է բազմաբնակարան բնակելի շենքի տարածք՝ 25 մլն 187 հազար 500 դրամով։

2025 թվականի վերջում նրա անունով առկա է եղել չորս անշարժ գույք՝ երեք բնակարան և ժառանգությամբ ստացված գույքը։

Բանկային միջոցներն ու կանխիկ գումարը

2025 թվականի սկզբում Մարկոսյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 2 մլն 117 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 904 հազար 269 դրամ։

Նա նաև ունեցել է երկու բանկային ավանդ։ Դրանցից մեկում տարվա սկզբին և վերջում առկա է եղել 4 մլն դրամ, իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 5 հազար 150 դոլար, որը տարվա վերջում զրոյացվել է։

Կանխիկ դրամի մասով 2025 թվականի սկզբում և տարեվերջին Մարկոսյանը հայտարարագրել է 25 հազար ԱՄՆ դոլար։

27 մլն 888 հազար 423 դրամ եկամուտ

2025 թվականին Սիլվա Մարկոսյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 27 մլն 888 հազար 423 դրամ։

Այդ թվում՝ ԿԸՀ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 13 մլն 91 հազար 965 դրամ, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերից՝ ևս 1 մլն 206 հազար 708 դրամ։

Բացի դրանից, Մարկոսյանը ստացել է 12 մլն 593 հազար 750 դրամի ժառանգություն, 648 հազար դրամ կենսաթոշակ և 348 հազար դրամ տոկոսային եկամուտ։

Այսպիսով, միայն ԿԸՀ-ից ստացված երկու տեսակի վճարումների ընդհանուր գումարը կազմել է 14 մլն 298 հազար 673 դրամ։

Ծախսերի բաժնում մեծածավալ ծախսեր չեն ներկայացվել, սակայն նվիրատվության կամ օգնության կարգով տրամադրված միջոցների բաժնում նշված է 29 հազար եվրո, որը հայտարարագրում դրամային արտահայտությամբ ներկայացված է 12 մլն 439 հազար 550 դրամ։

Իսկ ի՞նչ էր հայտարարագրել Սիլվա Մարկոսյանը 2021 թվականին

2021 թվականի հայտարարագրի և 2025 թվականի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ Մարկոսյանի գույքի և ֆինանսական միջոցների մի շարք ցուցանիշներ փոխվել են։

2021 թվականին նրա անունով եղել է երեք բնակարան՝ նույն երեք բնակարանները, որոնք նշված են նաև 2025 թվականի հայտարարագրում։

2021 թվականին նոր անշարժ գույք ձեռք չի բերվել, ինչպես նաև գույք չի օտարվել։

Այդ տարի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է ընդամենը 634 հազար դրամ, իսկ տարեվերջին նվազել է մինչև 65 հազար 520 դրամ։

Կանխիկ գումարի մասով 2021 թվականի սկզբում Մարկոսյանը հայտարարագրել էր 0 դոլար, իսկ տարվա վերջում՝ 12 հազար ԱՄՆ դոլար։

Նույն տարում նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել էր 8 մլն 995 հազար 723 դրամ։ Ամբողջ եկամուտը ձևավորվել էր ԿԸՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված վճարումներից։

Այսպիսով, 2021-ից 2025 թվականների ընթացքում Սիլվա Մարկոսյանի տարեկան եկամուտը 8 մլն 995 հազար 723 դրամից հասել է 27 մլն 888 հազար 423 դրամի։Կանխիկ դոլարային միջոցները ևս ավելացել են․ եթե 2021 թվականի վերջին նա հայտարարագրել էր 12 հազար դոլար, ապա 2025 թվականի վերջին՝ արդեն 25 հազար դոլար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս