ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերը։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հակված է ԱԺ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։
Դավիթ Ղազինյանի թեկնածությունն արդեն առաջադրվել է համապատասխան հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Ընդ որում՝ ըստ հրապարակված տեղեկությունների՝ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվել են խորհրդարանական ուժերի միջև․ ութ հանձնաժողովի նախագահ ունենալու է ՔՊ-ն, երեքը՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ մեկ հանձնաժողովի նախագահ՝ «Հայաստան» խմբակցությունը։
Սակայն առավել հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանի շուրջ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին քննարկվում է Ֆարմանյանի թեկնածությանը չաջակցելու տարբերակը։ Միևնույն ժամանակ իշխանական խմբակցությունում հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ թեկնածուին չընտրելու դեպքում հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը կարող է ձգձգվել, ինչի հետևանքով ԱԺ նիստերը կարող են ավելի երկար տևել։
Այս պատճառով ՔՊ-ում, մեր տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, և քննարկվում է՝ ինչ տարբերակով առաջ շարժվել։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» մյուս հանձնաժողովի նախագահի թեկնածությանը, ապա այս պահին քննարկվում է Արեգա Հովսեփյանի անունը։ Խոսքը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին է։
Սոնա Գրիգորյան



























