ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել, թե ինչ են հայտարարագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները։ Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ունեցվածք ունի ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։
Նա ԿԸՀ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։
2025 թվականի սկզբին և տարեվերջին Ժիրայր Կարապետյանի հայտարարագրում առկա է եղել Արարատի մարզի Նորաբաց բնակավայրում գտնվող հողամաս։ Այն համատեղ սեփականության իրավունքով է և ձեռք է բերվել 2020 թվականի հունիսի 9-ին՝ գնման եղանակով։
Բացի այդ, 2025 թվականի ընթացքում Կարապետյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։
2025 թվականին նոր անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։
Տրանսպորտային միջոցների մասով ԿԸՀ անդամը հայտարարագրել է երեք մարդատար ավտոմեքենա։ Դրանցից մեկը 2017 թվականի CHEVROLET է, որը ձեռք է բերել 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ գնման եղանակով։ Մյուսը 2017 թվականի FORD է, որը ձեռք է բերել 2023 թվականի հունվարի 18-ին՝ գնման եղանակով։ Երրորդը 1997 թվականի OPEL է, որը ձեռք է բերել դեռևս 2009 թվականի մայիսի 10-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի ընթացքում նոր ավտոմեքենա ձեռք բերելու կամ առկա ավտոմեքենաներից որևէ մեկը օտարելու մասին տվյալներ չկան։
Փոխառությունների մասով 2025 թվականի հայտարարագրում նշված է, որ տարվա սկզբում և տարեվերջին առկա է եղել 18 մլն 530 հազար 880 դրամի փոխառություն ։ Բացի այդ, Ժիրայր Կարապետյանը Ռաֆիկ Սամվելի Առաքելյանին տրամադրել է 5000 ԱՄՆ դոլարի, իսկ «Սահակյանշին» ՍՊԸ-ին՝ 1000 ԱՄՆ դոլարի փոխառություն։

Բանկային հաշիվներում 2025 թվականի սկզբին առկա է եղել ընդհանուր 346 հազար 363 դրամ, իսկ տարվա վերջին՝ 791 հազար 161 դրամ։
Կանխիկ դրամական միջոցների մասով ևս փոփոխություններ են եղել։ Տարվա սկզբին Կարապետյանը ունեցել է 2 մլն դրամ, որը տարեվերջին նվազել է մինչև 200 հազար դրամ։ 3000 եվրոն տարվա վերջին դարձել է 5000 եվրո, 3000 ԱՄՆ դոլարը՝ 5000 դոլար, իսկ 150 հազար ռուսական ռուբլին՝ 200 հազար ռուբլի։

2025 թվականի ընթացքում Ժիրայր Կարապետյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 16 մլն 742 հազար 174 դրամ։
Այդ գումարից 11 մլն 962 հազար 733 դրամը ստացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։ ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը կազմել է 1 մլն 829 հազար 449 դրամ։
2 մլն 149 հազար 439 դրամ ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցումների տեսքով ստացել է 375 հազար 240 դրամ, իսկ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից՝ 425 հազար 313 դրամ։
Այսպիսով, 2025 թվականին նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 16 մլն 742 հազար 174 դրամ։
Վարկային պարտավորությունների մասով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 15 մլն 296 հազար 972 դրամ։

Պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 2022 թվականի հայտարարագիր
Համեմատության համար՝ ԿԸՀ անդամի պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, Ժիրայր Կարապետյանի հայտարարագրում պատկերը որոշ չափով այլ է եղել։
Տրանսպորտային միջոցներից իր անունով հայտարարագրված էր 1997 թվականի OPEL-ը, որը ձեռք էր բերել 2009 թվականին։ Միաժամանակ նա փաստացի տիրապետել էր 2009 թվականի TOYOTA ավտոմեքենայի։
Բանկային երկու հաշիվներում առկա էր համապատասխանաբար 2811 դրամ և 211 հազար 779 դրամ, այսինքն՝ ընդհանուր 214 հազար 590 դրամ։
Կանխիկ միջոցների մասով պաշտոնը ստանձնելու պահին Ժիրայր Կարապետյանը հայտարարագրել էր 7 մլն դրամ, 6000 ԱՄՆ դոլար, 1000 եվրո, 110 հազար ռուսական ռուբլի և 90 վրացական լարի։
Պաշտոնը ստանձնելու ժամանակ նրա հայտարարագրված եկամուտը կազմել էր 4 մլն 719 հազար 184 դրամ։ Դրանից 132 հազար 393 դրամը ստացել էր ՀՀ փաստաբանական դպրոցից, 89 հազար 370 դրամը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, իսկ 4 մլն 497 հազար 421 դրամը՝ Ճանապարհային ոստիկանությունից։ Հայտարարագրում առկա էր նաև պաշտպանված տվյալներով մեկ եկամուտ։
Այդ ժամանակ նրա վարկային պարտավորության մնացորդը կազմել էր 1 մլն 13 հազար 332 դրամ, 11 տոկոս տոկոսադրույքով։
Այսպիսով, եթե համեմատենք պաշտոնը ստանձնելու ժամանակվա և 2025 թվականի տվյալները, ապա Ժիրայր Կարապետյանի գույքի կազմում ավելացել են 2017 թվականի CHEVROLET և FORD ավտոմեքենաները, մինչդեռ 2022 թվականի հայտարարագրում իր անունով նշված էր միայն 1997 թվականի OPEL-ը, իսկ TOYOTA-ի դեպքում նա նշել էր փաստացի տիրապետում։
Փոխվել է նաև կանխիկ միջոցների կառուցվածքը․ պաշտոնը ստանձնելու ժամանակ հայտարարագրված 7 մլն դրամը 2025 թվականի սկզբին կազմել է 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 200 հազար դրամ։ Միաժամանակ 2025 թվականի վերջին ավելացել են արտարժութային կանխիկ միջոցները՝ 5000 ԱՄՆ դոլար և 5000 եվրո, ինչպես նաև 200 հազար ռուսական ռուբլի։
Բանկային հաշիվների մնացորդը 2022 թվականի 214 հազար 590 դրամից 2025 թվականի տարեվերջին հասել է 791 հազար 161 դրամի։
Ամենաէական փոփոխությունը եկամուտների մասով է․ պաշտոնը ստանձնելու ժամանակ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտը կազմել էր 4 մլն 719 հազար 184 դրամ, մինչդեռ 2025 թվականի տարեկան եկամուտը կազմել է արդեն 16 մլն 742 հազար 174 դրամ։
Սոնա Գրիգորյան




























