Armenian text to speach

Էբոլայի նոր բռնկումը Կոնգոյի ԴՀ-ում ռեկորդային թվով զոհերի պատճառ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկումը դարձել է երկրի պատմության ամենամահաբեր համաճարակը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրուսից մահացել է առնվազն 2,325 մարդ, իսկ հաստատված դեպքերի թիվը հասել է 4,945-ի։

Բռնկումը, որը Կոնգոյի ԴՀ-ում 17-րդն է, տարածվել է երկրի 26 նահանգներից 6-ում։ Դեպքերի ավելի քան 3,400-ը գրանցվել է Իտուրի նահանգում, որտեղ էլ առաջին անգամ հայտնաբերվել է բռնկումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայիս բռնկումը կարող է գերազանցել 2014-2016 թվականների Արևմտյան Աֆրիկայի Էբոլայի համաճարակի ցուցանիշները, որի հետևանքով Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում մահացել էր 11,325 մարդ։

Ներկայիս բռնկման պատճառը Բունդիբուգյո շտամն է, որի դեմ դեռևս հաստատված պատվաստանյութ կամ բուժում չկա։ Միևնույն ժամանակ, մոտ 1,000 մարդ ապաքինվել է, իսկ շուրջ 730-ը շարունակում է գտնվել բուժման կամ մեկուսացման կենտրոններում։

ԱՀԿ-ն մայիսին Կոնգոյի ԴՀ-ում և Ուգանդայում բռնկումը հայտարարել էր միջազգային մտահոգության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։ Ուգանդայում վերջին դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ երկիրը հուլիսի 28-ին հայտարարվել է Էբոլայից զերծ։

Բռնկման դեմ պայքարը բարդանում է բուժհաստատությունների վրա հարձակումների, ապատեղեկատվության, բուժաշխատողների գործադուլների և երկրի առողջապահական ու ճանապարհային ենթակառուցվածքների խնդիրների պատճառով։

Անի Վարդանյան




Լրահոս