Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն դարձրե՛ք երեխաների ճանապարհային անվտանգությանը։ Հորդորում է Առողջապահության նախարարությունը:
Օգնե՛ք երեխաներին սովորել և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական կանոնները․
միասին նախապես ընտրե՛ք դպրոց տանող ամենաանվտանգ երթուղին,
ճանապարհն անցե՛ք միայն հետիոտնային անցումով կամ անվտանգ հատվածով
ճանապարհն անցնելուց առաջ՝ կանգնեք, նայեք շուրջը և լսեք,
ճանապարհն անցնելիս մի՛ շտապեք և մի՛ վազեք․ մինչև ճանապարհի մյուս կողմ հասնելը շարունակե՛ք ուշադիր հետևել երթևեկությանը,
մութ ժամերին ընտրե՛ք սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ), որպեսզի երեխան ավելի տեսանելի լինի վարորդների համար:
Հասարակական տրանսպորտից օգտվելիս
Կանգառում սպասե՛ք մայթին՝ երթևեկելի հատվածից անվտանգ հեռավորության վրա։
Նախ սպասե՛ք, մինչև ուղևորներն իջնեն, ապա բարձրացեք տրանսպորտ։
Մի՛ շեղեք վարորդի ուշադրությունը։
Տրանսպորտից իջնելուց հետո մի՛ շտապեք անմիջապես անցնել ճանապարհը․ սպասե՛ք, մինչև այն հեռանա և տեսանելի լինի մոտեցող երթևեկությունը։
Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար
հեծանիվ վարելիս օգտագործե՛ք ճիշտ չափի և ամուր ամրացված սաղավարտ,
մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածություն տեղափոխելու դեպքում:
Երեխաները հետևում են մեծահասակների օրինակին․ միշտ պահպանե՛ք ճանապարհային անվտանգության կանոնները և խրախուսե՛ք երեխաներին անել նույնը։
Սեպտեմբերը սկսենք անվտանգ։




























