Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Նա նշեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։
Նշենք, որ քիչ առաջ Արման Սարոյանը միջնորդեց դատավոր Սերժ Ռուշանյանին դռնփակ անցկացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց Սրբազանների քրեական գործով նիստը՝ նշելով, որ իր դեմ «ուղղորդված մեդիա արշավ կա»։
Դատարանը մերժեց միջնորդությունը․ նիստը կանցկացվի դռնբաց։
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազանների վերաբերյալ քրեական գործը հուլիսի 27-ին մուտք է եղել դատարան։ Գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, որը օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։
Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քրեական գործը կապված է Արման Սարոյանի՝ իրեն Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով ներկայացրած հայցի հետ։ Ըստ մեղադրանքի՝ Վեհափառ Հայրապետը և 6 Սրբազանները չեն կատարել դատարանի միջանկյալ որոշումը՝ Արման Սարոյանին թեմակալ առաջնորդի պարտականությունները կատարելու հնարավորություն ապահովելու վերաբերյալ։




























