Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սպասվող զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումն ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РБК-ն։
«Բանակցություններ են նախատեսվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած համագործակցությունից. այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», — նշել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ առանձին թեմա կդառնա նաև հայ ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը. նրանք հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները Մոսկվայի մոտ «մեծ մտահոգություն» են առաջացնում։
«Նշեմ, որ, իհարկե, այս զրույցը տեղի է ունենալու, այսպես ասած, բավական անսովոր ֆոնի վրա, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս և հանդես էին եկել մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին։ Այսինքն՝ անկասկած, այս թեման կշոշափվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում», — հավելել է Պուտինի օգնականը։
ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

















































































