Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 13-ին նույն տարածքային բաժնի ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել վերոնշյալ ծառայողին, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։
Վերոնշյալ ծառայողը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։




























