ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Երկրի ուղեծիր է տեղակայել տիեզերական զենք՝ արձանագրելով երկրի կողմից նման հարձակողական հնարավորության կիրառման առաջին հրապարակային հաստատումը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ ուղեծրում տեղակայված այդ զենքն անհրաժեշտ է ամերիկյան ուժերին հակառակորդների հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է արձագանքել «զարգացող սպառնալիքներին», սակայն նախարարը չի մանրամասնել, թե ինչ հնարավորություններ ունի համակարգը և երբ է այն դուրս բերվել ուղեծիր։
ԱՄՆ զինված ուժերի ղեկավարները նախկինում բազմիցս հայտարարել էին տիեզերքում ռազմական կարողությունների ընդլայնման ծրագրերի մասին՝ մատնանշելով Ռուսաստանի և Չինաստանի կողմից այնպիսի տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագա հակամարտության դեպքում կարող են օգտագործվել ամերիկյան արբանյակների վրա հարձակվելու կամ դրանց աշխատանքը խափանելու համար։
Տիեզերական ռազմական կարողությունները, ինչպես նաև հակահրթիռային որսացող հրթիռները, առանցքային դեր ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջ մղվող «Golden Dome» պաշտպանական համակարգում, որի նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ը հրթիռային և օդային այլ սպառնալիքներից։
Տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն արգելվում է 1967 թվականի միջազգային պայմանագրով։ Սակայն պայմանագիրը չի արգելում տիեզերական այլ ռազմական կարողությունների զարգացումը։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը վերջին տարիներին զարգացնում են հակառակորդի արբանյակներին թիրախավորելու և դրանց աշխատանքը խափանելու տարբեր միջոցներ։
Անցած տարի Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ընդգծվել էր ԱՄՆ Տիեզերական ուժերի ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական նշանակությունը։
ԱՄՆ Տիեզերական ուժերը ստեղծվել են 2019 թվականին և դարձել են ավելի քան 70 տարվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի նորագույն ճյուղը։ Դրանց հիմնական առաքելություններից է տիեզերքում ամերիկյան ակտիվների, այդ թվում՝ կապի, հետախուզության և վերահսկողության համար օգտագործվող հարյուրավոր արբանյակների պաշտպանությունը։
ԱՄՆ Տիեզերական ուժերի ներկայացուցիչը նշել է, որ «տիեզերական վերահսկողությունը» ներառում է տիեզերական ոլորտում հակառակորդի կարողություններին հակազդելու և դրանք սահմանափակելու գործողություններ՝ անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև դրանց ոչնչացումը։ Նշվում է, որ այդ կարողությունները կարող են կիրառվել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով։
Միաժամանակ ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ևս զարգացնում են հակատիեզերական ռազմական հնարավորություններ։ ԱՄՆ Տիեզերական ուժերի գնահատմամբ՝ Չինաստանը դրանք զարգացնում է ռազմական արդիականացման շրջանակում, իսկ Ռուսաստանը տիեզերքը դիտարկում է որպես ռազմական գործողությունների առանձին ոլորտ և կարծում է, որ ապագա հակամարտություններում տիեզերական գերակայությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։
Անի Վարդանյան




























