Armenian text to speach

ԱՄՆ-ն TRIPP-ի միջոցով ամրապնդում է դիրքերը Հարավային Կովկասում․ The Washington Examiner

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան The Washington Examiner պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շինարարության մեկնարկի և դրա աշխարհաքաղաքական նշանակության մասին։

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանին նախագծի մեկնարկի կապակցությամբ՝ այն որակելով որպես կարևոր իրադարձություն։ Թրամփը տեսաուղերձով դիմել է Հայաստանի ժողովրդին՝ շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության ճանապարհն ընտրելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցելու համար։

«Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը՝ մեկնարկելով TRIPP նախագիծը և ստեղծելով TRIPP զարգացման նոր ընկերությունը։ ԱՄՆ-ի և Հայաստանի այս գործընկերությունը նոր առևտրային ուղիներ կստեղծի տարածաշրջանում ապրանքների, էներգակիրների և ուղևորափոխադրումների համար»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև Փաշինյանին հրավիրել է հաջորդ տարի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում մասնակցելու Ազգային աղոթքի նախաճաշին։

Պարբերականի փոխանցմամբ՝ TRIPP-ի զարգացումը որոշ ժամանակ կանգ էր առել, սակայն այս շաբաթ վերջապես մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Հրապարակման մեջ նշվում է, որ շինհրապարակում աշխատանքների առաջին կադրերը ցուցադրվել են նաև Հայաստանի պետական հեռուստատեսությամբ։ Շինարարական տեխնիկան սկսել է մաքրել խորհրդային ժամանակաշրջանից մնացած հին թունելը, որը պետք է դառնա նոր երթուղու մի մասը։

The Washington Examiner-ը TRIPP-ը դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական և տրանսպորտային նախագիծ, այլև որպես Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդման գործիք։ Հոդվածի հեղինակի գնահատմամբ՝ նախագիծը կարող է նոր առևտրային կապեր ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև Թուրքիային կապել թյուրքական աշխարհի հետ։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ նախագծից աշխարհաքաղաքական և տնտեսական առումով շահող կողմերից մեկը կարող է լինել ԱՄՆ-ը, որը կստանա ներդրումային հնարավորություններ և կամրապնդի իր գործընկերությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Պարբերականը նշում է, որ այս գործընթացը Հարավային Կովկասում վերածում է Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտին ԱՄՆ-ի հետ մրցակցության նոր տարածքի։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Իրանի դիրքորոշմանը։ Նշվում է, որ Թեհրանը, որը Հայաստանի հետ պատմականորեն սերտ հարաբերություններ է ունեցել, դժգոհություն է արտահայտել նախագծի վերաբերյալ։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ «կեղծ երթուղիները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին»՝ հավելելով, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տա դրանք շրջանցել։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մայիսին ձեռք բերված շրջանակային համաձայնագրում կարևորվել է TRIPP-ի միջոցով կրիտիկական հանքանյութերի առևտուրը, ինչը, ըստ հոդվածի, ԱՄՆ-ի առաջնահերթ հետաքրքրություններից է։

Միաժամանակ պարբերականը նկատում է, որ TRIPP-ի մեկնարկը կարող է որոշ չափով փոխհատուցել Հայաստանի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ից դուրս տվյալների կենտրոնների կառուցումը թույլ չտալու մասին հայտարարության բացասական ազդեցությունը, քանի որ Հայաստանը նախկինում այդ ոլորտում համագործակցության մեծ ակնկալիքներ ուներ։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս