Armenian text to speach

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակումը որակել է հումանիտար նորմերի տեսանկյունից «անթույլատրելի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմուզի նեղուցի շրջափակումը ոչ միայն անօրինական է, այլև հակասում է հումանիտար նորմերին ու սկզբունքներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Դա ոչ միայն անթույլատրելի է իրավական տեսանկյունից, այլև անթույլատրելի է հումանիտար նորմերի և սկզբունքների առումով։ Շրջափակումները, անօրինական պատժամիջոցները և ցանկացած միջոցառում, որը խոչընդոտում է ինքնիշխան պետության բնականոն առևտրին, հաղորդակցությանը և լոգիստիկային մեկ այլ ինքնիշխան պետության կամ պետությունների խմբի կողմից, անթույլատրելի են և բացարձակապես անօրինական։ Երկրի գործունեությունը սահմանափակելու միակ օրինական միջոցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն են», – ասել է Զախարովան Եկատերինբուրգում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլտվություն չի տվել «այն ամենին, ինչ տեղի է ունենում Հորմուզի նեղուցում»։

«Այն չէր էլ կարող նման բան թույլատրել, քանի որ դա օրենքի կոպիտ խախտում է», – ընդգծել է նա։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը կարծում է, որ Հորմուզի նեղուցում տեղի է ունենում «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի և իրանական ժողովրդի դեմ չհրահրված ուղիղ ագրեսիա»։

«Մենք այս հարցին և դրա վերաբերյալ մեր գնահատականին մոտեցել ենք ոչ միայն օբյեկտիվորեն, այլև հաշվի առնելով բոլոր գործոնները՝ հիմնվելով փաստերի վրա», – եզրափակել է Զախարովան։

 




Լրահոս