Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը «դժվարին պայքար է»։
Դուբայում «Եվրոնյուզի» ֆորումի ընթացքում Հաջիևը նշել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանում և հայկական սփյուռքում դեռևս ուժեղ են «ռևանշիստական ուժերը», որոնք փորձում են խաթարել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը։
«Հավանաբար, Հայաստանի կառավարությունն ու ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն՝ իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»,– ասել է Հաջիևը։
Նա հավելել է․ «Մենք հաղթեցինք պատերազմում, բայց նաև հաղթում ենք խաղաղության մեջ, ինչը դժվարին պայքար է»։
Հաջիևը կրկին անդրադարձել է Ղարաբաղում և Զանգեզուրում հայկական կողմի գործողություններին՝ պնդելով, թե օկուպացիայի տարիներին ոչնչացվել են Ադրբեջանի մզկիթներն ու իսլամական մշակութային ժառանգությունը։ Այս պնդումները ներկայացրել է որպես Ադրբեջանի պատմական ժառանգության մաս։
Միաժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավորվում է պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը՝ անկախ դրա պատկանելությունից։ Նրա խոսքով՝ քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի մշակութային ժառանգության մասն է։
«Եվրոնյուզը» նշում է, որ հայկական եկեղեցական իշխանությունները վիճարկել են Ադրբեջանի վերաբերմունքը կրոնական հուշարձանների նկատմամբ՝ Բաքվին մեղադրելով Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման մեջ։ Ադրբեջանը մերժում է այդ մեղադրանքները։
Հաջիևը նաև քննադատել է Եվրոպական խորհրդարանին՝ պնդելով, որ դրա որոշումները չեն նպաստում տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ պետք է ընդգրկի ամբողջ տարածաշրջանը և հիմնված լինի տարածաշրջանի երկրների հետ հավասարակշռված համագործակցության վրա։
Անի Վարդանյան




























