ՀԱՐՑ. Տղաս գտնվում է զինվորական ծառայության մեջ, եւ ես ուզում եմ իմանալ, թե պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիներն արդյոք համարվում են աշխատանքային ստաժ, թե ոչ:
Սուսաննա Սարոյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սարոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում է նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն էլ իր հերթին ամրագրում է՝ այն գործատուն, որի մոտ ժամկետային զինվորական ծառայություն անցած անձը զորացրվելուց հետո անցել է աշխատանքի, վերջինիս ծառայության ժամանակահատվածը պետք է լրացնի նրա աշխատանքային գրքույկում:
«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2012 թվականի ստուգումների արդյունքում հայտնաբերել է 3594 չգրանցված աշխատող, իսկ որպես գրանցված աշխատող՝ ՀՀ-ում կա 521.890 մարդ: Ավելացնենք, որ ըստ ՊԵԿ տեղեկատվության՝ ստվերային աշխատողներ ունենալն ավելի շատ բնորոշ է մշակող արդյունաբերության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտներին: