ArmLur.am-ը, սեպտեմբերի 27-ին կայանալիք Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին ընդառաջ, ուսումնասիրել է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանի հայտարարագիրը, հասկանալու համար, թե ի՞նչ ունեցվածք ունի նա։
Սուրեն Թումանյանը Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 23-ից։ Նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է և ներկայացված է համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունում։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Սուրեն Թումանյանը ունեցել է Վանաձորում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2001 թվականի նոյեմբերի 13-ին՝ գնման եղանակով։ Տարվա վերջում այդ բնակարանը շարունակում է մնալ նրա հայտարարագրած գույքի կազմում։
2025 թվականին, սակայն, նրա անշարժ գույքն էականորեն ավելացել է։ Հայտարարագրում նշված է, որ մայիսի 13-ին ժառանգությամբ ստացել է Դսեղում գտնվող երեք հողամաս և անհատական բնակելի տուն, իսկ հունիսի 25-ին՝ ևս մեկ հողամաս։
Այսպիսով, 2025 թվականի ավարտին Սուրեն Թումանյանը հայտարարագրել է ընդհանուր առմամբ 5 ժառանգությամբ ստացած անշարժ գույք՝ 4 հողամաս և մեկ անհատական բնակելի տուն, ինչպես նաև Վանաձորում գտնվող բնակարան։
Թումանյանը 2025 թվականի սկզբում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, տարվա ընթացքում նույնպես ավտոմեքենա չի ձեռք բերել կամ օտարել, իսկ տարեվերջին տրանսպորտային միջոց չի ունեցել։
Եկամուտ
2025 թվականին Թումանյանը հայտարարագրել է 4 մլն 103 հազար 283 դրամ եկամուտ, որը ստացել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմից։
Կանխիկ գումարն աճել է
Տարվա սկզբում Սուրեն Թումանյանը հայտարարագրել է 1 մլն 700 հազար դրամ կանխիկ գումար, իսկ 2025 թվականի ավարտին կանխիկ դրամի չափը կազմել է 4 մլն 500 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ միջոցներն ավելացել են 2 մլն 800 հազար դրամով։
Բացի այդ, տարեվերջին նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 10 մլն 669 հազար 672 դրամ։
Այսպիսով, սեպտեմբերի 27-ի ընտրություններից առաջ Թումանյան համայնքի գործող ղեկավարի 2025 թվականի հայտարարագրի ամենաուշագրավ փոփոխությունը Դսեղում ժառանգությամբ չորս հողամասի և մեկ բնակելի տան ձեռքբերումն է, ինչպես նաև կանխիկ միջոցների՝ 1.7 մլն դրամից 4.5 մլն դրամի հասնող աճը։
Սոնա Գրիգորյան
























































































