Armenian text to speach

Հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր․ հոկտեմբերին ԱԺ-ում կքննարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարող է նոր օր սահմանվել՝ Հանրային ծառայողի օրը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։

Նախագծի համաձայն՝ օրենքի 23-րդ հոդվածից հետո նախատեսվում է լրացնել նոր՝ 23.1-րդ հոդված, որով ամրագրվելու է. «Հանրային ծառայողի օրը՝ հունիսի 23-ին»։

Ուշագրավ է, որ նոր օրը ոչ աշխատանքային օր չի լինելու։ Այսինքն՝ պետական համակարգի աշխատակիցները հունիսի 23-ին շարունակելու են աշխատել, պարզապես այդ օրը օրենքով կստանա մասնագիտական տոնի կարգավիճակ։

Նախագծի հիմնավորմամբ՝ Հայաստանում հանրային ծառայության տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ մասնագիտական օրերի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել մեկ միասնական օրով ընդգծել հանրային ծառայության և հանրային ծառայողների դերը։

Իսկ թե ինչ ընթացք կստանա այս նախաձեռնությունը՝ պարզ կդառնա արդեն խորհրդարանում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագիծը հոկտեմբերի 5-ին կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագիծը հանձնաժողովում ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանը։

Նրա՝ որպես կառավարության ներկայացուցիչ նշանակման վերաբերյալ որոշումն արդեն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է նաև նախագծի ընտրած ամսաթիվը։ Հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից սահմանված Հանրային ծառայության միջազգային օրն է, և կառավարության նախագիծը Հայաստանի օրենսդրության մեջ այդ ամսաթիվը տեղայնացնելու նախաձեռնությունն է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս