ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի ավարտում են Իրաքում մնացած ռազմակայաններից դուրսբերումը՝ ավարտին հասցնելով 2024 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունը։ Միաժամանակ մտահոգություններ են առաջացել, որ ամերիկյան զորքերի հեռանալը կարող է անվտանգության վակուում ստեղծել և ուժեղացնել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների դիրքերը։
France 24-ի փոխանցմամբ՝ Իրաքի որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել նաև, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները կարող են օգտագործել ստեղծված իրավիճակը՝ վերականգնելու իրենց կարողությունները։
ԱՄՆ զորքերի դուրսբերումը Իրանը և նրա դաշնակիցները ներկայացնում են որպես հաղթանակ։ Թեհրանը հայտարարել է, որ իր վերջնական նպատակը Մերձավոր Արևելքից ամերիկյան ուժերի հեռացումն է։
ԱՄՆ-ի գլխավորած ուժերը 2003 թվականին ներխուժել էին Իրաք և տապալել Սադամ Հուսեյնի վարչակարգը։ Ամերիկյան զորքերը 2011 թվականին դուրս էին եկել երկրից, սակայն 2014-ին վերադարձել էին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրաքի ուժերին աջակցելու համար։
Իրաքցի անվտանգության որոշ պաշտոնյաներ նշում են, որ, չնայած «Իսլամական պետության» ինքնահռչակ խալիֆայության պարտությանը, խմբավորումը դեռևս ունի գաղտնի բջիջների ցանց։ ԱՄՆ զորքերը մինչ այժմ Իրաքի անվտանգության ուժերին տրամադրում էին հետախուզական տվյալներ, օդային վերահսկողություն և հետախուզական աջակցություն։
Բաղդադի քաղաքական վերլուծաբան Ահմեդ Յունիսի գնահատմամբ՝ հիմնական մտահոգությունը ոչ թե Իրանի ուղղակի միջամտությունն է, այլ այն, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները կարող են ավելի ազատ զգալ իրենց՝ արևմտյան ռազմական ներկայության բացակայության պայմաններում։
Իրաքի նախկին գեներալ Մոհամեդ ալ-Ջուբուրին էլ նշել է, որ այժմ կարևոր հարց է, թե արդյոք երկրի անվտանգության կառույցները պատրաստ են հետկոալիցիոն փուլին և ունեն համապատասխան այլընտրանքային ծրագիր։
Անի Վարդանյան




























