ArmԼur.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում պատգամավորների վարքագիծն ու էթիկայի կանոնների հնարավոր խախտումները քննարկելու է հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որի կազմում իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացված են տարբեր խմբակցությունների պատգամավորներով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն որոշվել է, որ ԱԺ էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, իսկ նախագահի տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։
Հանձնաժողովի հիմնական կազմում ընդգրկված են՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝
• Զարուհի Բաթոյան,
• Մարիամ Պողոսյան,
• Արման Եղոյան,
• Վիլեն Գաբրիելյան։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝
• Մամիկոն Ասլանյան,
• Հարություն Հարությունյան։
«Հայաստան» դաշինքից՝
• Աղվան Վարդանյան,
• Լիլիթ Գալստյան։
Այսպիսով, նախագահից և փոխնախագահից բացի հանձնաժողովն ունի ևս ութ հիմնական անդամ։
Սակայն հանձնաժողովի կազմում կա նաև փոխարինող անդամների բավական մեծ շրջանակ։
ՔՊ-ից փոխարինողներն են՝ Տիգրան Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ Դավիթ Ղազինյանը, Արեգա Հովսեփյանը և Հայկ Ֆարմանյանը։
«Հայաստան» դաշինքից՝ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։
Հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում 2026 թվականին կատարված փոփոխություններն են։ Նախատեսված կարգավորմամբ՝ հանձնաժողովը կարող է քննել պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման վերաբերյալ հարցերը և համապատասխան եզրակացություն ներկայացնել։
Հատկանշական է, որ հանձնաժողովի գործունեությունը նախատեսված է երկու տարի ժամկետով, իսկ նախագահի և փոխնախագահի պաշտոնները ենթակա են ռոտացիայի․ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախատեսվում է նոր նախագահ և նախագահի նոր տեղակալ։
Այսինքն՝ առաջիկա երկու տարիներին պատգամավորների վարքագծի, էթիկայի կանոնների և շահերի բախման հետ կապված հարցերը կարող են հայտնվել հենց այս հանձնաժողովի օրակարգում։
Սոնա Գրիգորյան




























