Armenian text to speach

Արգենտինան ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր է գործարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինան 2026 թվականի չորրորդ քառորդում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կգործարկի: Այս մասին Փարիզում ընթացող «Argentina Week» միջոցառման շրջանակում հայտարարել են էկոնոմիկայի նախարար Լուիս Կապուտոն և նախարարների կաբինետի ղեկավար Դիեգո Սանտիլին, հայտնում է երկրի պետական պորտալը:

Ծրագիրը հիմնական դիմորդի համար նախատեսում է երկու տարբերակ՝ 350 հազար դոլարի չափով անհատույց մուծում պետական բյուջե կամ 800 հազար դոլարով ծրագրի համար հատուկ թողարկված պետական պարտատոմսերի ձեռքբերում:

Հիմնական դիմորդի հետ միասին քաղաքացիություն կարող են ստանալ ամուսինը կամ կինը և երեխաները՝ ազգակցական կապի հաստատման և նախատեսված վճարումների իրականացման պայմանով։ Ամուսինների, ինչպես նաև 18-ից 25 տարեկան ամուրի և երեխաներ չունեցող զավակների համար սահմանվել է 100 հազար դոլարի վճար։ Անչափահաս երեխաների համար վճարը կազմում է 25 հազար դոլար։

Այսպիսով, հիմնական դիմորդից, կնոջից/ամուսնուց և երկու անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքը կարող է քաղաքացիության հավակնել ընդհանուր 500 հազար դոլար վճարման դեպքում։

Բոլոր փոխանցումները պետք է իրականացվեն պաշտոնական ֆինանսական համակարգի միջոցով և համապատասխանեն փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի և ֆինանսական թափանցիկության ապահովման պահանջներին։

Հայտերը քննարկելու է Ներդրումների դիմաց քաղաքացիության ծրագրերի գործակալությունը՝ պետական մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Հետախուզության պետական քարտուղարության (SIDE), Ֆինանսական հետախուզության վարչության (UIF), ինչպես նաև անվտանգության և ներքին գործերի նախարարությունների մասնակցությամբ։

Ստուգման գործընթացը ներառելու է դիմորդի ինքնության հաստատումը, միջոցների օրինականության ու ծագման ստուգումը, ֆինանսական և գույքային վերլուծությունը, դիմորդի իրավազորության հետ կապված ռիսկերի գնահատումը, դատվածության, հեղինակության, ինչպես նաև միգրացիոն պատմության ուսումնասիրությունը։

Ստուգումից հետո գործակալությունը առաջարկություն կուղարկի Միգրացիայի ազգային վարչություն, որն էլ կկայացնի հայտի հաստատման կամ մերժման վերջնական որոշումը։

Կառավարությունը հայտարարում է, որ ծրագիրը միջազգային ներդրումների առջև Արգենտինայի տնտեսությունը բացելու քաղաքականության մի մասն է։ Դրա մեկնարկը նախատեսված է 2026 թվականի չորրորդ քառորդում, երբ ծրագիրը կսկսի ընդունել առաջին հայտերը։




Լրահոս