Armenian text to speach

ԱՄՆ-ի հարվածից Կարիբյան ծովում ենթադրյալ թմրանյութ տեղափոխող նավ է ոչնչացվել․ 4 մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) հայտնել է, որ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի զինված ուժերի իրականացրած հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։

SOUTHCOM-ի հաղորդմամբ՝ հարվածի թիրախում հայտնված արագընթաց նավը, ըստ հետախուզական տվյալների, կասկածվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Հրամանատարությունը նշել է, որ նավը շարժվում էր Կարիբյան ծովում՝ թմրանյութերի ապօրինի տեղափոխման համար օգտագործվող երթուղիներից մեկով։

Հարվածն իրականացրել է Արևմտյան կիսագնդի համատեղ աշխատանքային խումբը։ ԱՄՆ զինված ուժերը գործողությունն անվանել են «մահաբեր, կինետիկ հարված»։

SOUTHCOM-ը նաև տեսանյութ է հրապարակել, որում, ըստ հրամանատարության, երևում է՝ ինչպես է նավը մեծ արագությամբ շարժվում ջրով, ապա պայթյունի հետևանքով ոչնչացվում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը որևէ էական ապացույց չի ներկայացրել, որը կհաստատեր, որ նավում գտնվող անձինք իրականում թմրանյութերի մաքսանենգությամբ էին զբաղվում կամ որ նավը թմրանյութ էր տեղափոխում։

Իրավական փորձագետները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, բազմիցս հայտարարել են, որ հանցագործության մեջ պարզապես կասկածվող և դատարանի կողմից չդատապարտված անձանց նկատմամբ նման գործողությունները կարող են հակասել միջազգային իրավունքի պահանջներին։

Ըստ հրապարակման՝ 2025 թվականի սեպտեմբերից ԱՄՆ-ը Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրականացվող գործողությունների շրջանակում առնվազն 70 նավի է հարվածել։ Այդ գործողությունների հետևանքով, աղբյուրի տվյալներով, զոհվել է առնվազն 235 մարդ։

Անի Վարդանյան




Լրահոս