Ազգային ժողովում իրավիճակը այսօր շատ թեժ է։ Պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։
Ինչպես արձանագրել է ArmLur.am-ի թղթակիցը՝ Ազգային ժողովում թեժ իրավիճակի ընթացքում հարվածներ հասցնող պատգամավորների թվում էին ՔՊ-ական պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Վահե Ղալումյանը, ինչպես նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը։
ԱԺ-ում ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգի թեմայով։
Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։ Խոսափողի անջատումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։
Թեժ իրավիճակը չի սահմանափակվել միայն ԱԺ նիստերի դահլիճով։ Պատգամավորների միջև վիճաբանությունը շարունակվել է նաև միջանցքներում, որտեղ նրանք շարունակել են միմյանց հետ «ռազբորկա» անել։ Նախորդ միջադեպի ժամանակ իրավիճակը հանդարտեցնելուն ներգրավված ՊՎԾ աշխատակիցները դժվարությամբ էին կարողանում առանձնացնել վիճաբանող պատգամավորներին և դադարեցնել քաշքշուկը։
Ինչպես արձանագրել է ArmLur.am-ի թղթակիցը, իրավիճակը ԱԺ-ում պարբերաբար կրկին թեժանում է։ ՔՊ-ական պատգամավորների ելույթներում հնչում են նաև քննադատություններ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին, անվանելով նրան Կտրիչ Ներսիսյան։ Իշխանական պատգամավորները պնդում են, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված խնդիրները պետք է քննարկվեն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում՝ այդ խնդիրները վերացնելու նպատակով։
Այս պահին ԱԺ նիստերի դահլիճում կրկին ելույթներ են հնչում, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Սոնա Գրիգորյան























































































