ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների շուրջ ստեղծված իրավիճակը նոր զարգացում է ստացել։ Երեկվա միջադեպից հետո այսօր առավոտյան խմբակցության պատգամավորների մոտ 4-5 օգնական փորձել է մուտք գործել Ազգային ժողովի շենք, սակայն նրանց մուտքն արգելվել է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը։
Ինչպես արդեն գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իշխանական շրջանակներում հստակ դիրքորոշում կա՝ «Ուժեղ Հայաստանին» այլևս չներել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների գործողությունները հայտնվել են իշխանության ուշադրության կենտրոնում, ուսումնասիրվում են նաև վերջին միջադեպերի տեսագրությունները։
Հատկապես իշխանական շրջանակների շրջանում մեծ արձագանք է ստացել երեկ տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները փորձել մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Իշխանական ներկայացուցիչները տեղի ունեցածը ներկայացնում են որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ «հարձակում»։
Հենց այս ֆոնին էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր առավոտից «Ուժեղ Հայաստանի» մի շարք օգնականների թույլ չեն տվել մուտք գործել խորհրդարան։
ArmLur.am-ը փորձեց Ազգային ժողովից պարզել՝ որն է պատգամավորների օգնականների մուտքը սահմանափակելու պաշտոնական պատճառը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունեն, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ԱԺ աշխատակազմին գրավոր հարցմամբ։
Այսպիսով, «Ուժեղ Հայաստանի» և իշխանության միջև լարվածությունը ոչ միայն չի մարում, այլև կարծես նոր փուլ է մտնում։ Եթե մինչ այս իշխանական թևը սահմանափակվում էր միջադեպերի վերաբերյալ քաղաքական գնահատականներով, այժմ հարցը տեղափոխվում է արդեն խորհրդարանի մուտքի սահմանափակման և հնարավոր վարույթների դաշտ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























