Armenian text to speach

Ֆրանսիայում ցույցերի ժամանակ 15-ամյա դեռահասը նռնակի պայթյունից կորցրել է ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները կասեցրել են դպրոցականների բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ ցրող նռնակների կիրառումը։ Որոշումը հաջորդել է 15-ամյա դեռահասի ծանր վիրավորվելու դեպքին։

France 24-ի փոխանցմամբ՝ դեռահասը ոստիկանության կողմից կիրառված նռնակի հետևանքով ձեռքը կորցրել է մինչև արմունկը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայում շարունակվող դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում։

Դեպքից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ոստիկանության կողմից նման նռնակների կիրառումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Ուսանողական շարժումը երկրում շարունակվում է սեպտեմբերի կեսերից, իսկ ոստիկանության գործողությունների վերաբերյալ արդեն 18 ներքին հետաքննություն է նախաձեռնվել։

Միաժամանակ, Ստրասբուրգում ևս 15-ամյա դեռահասի ձեռքը ծանր վնասվել է դպրոցի մոտ։ Ոստիկանության աղբյուրը պնդել է, որ նա վնասվածք է ստացել հրավառության սարք գործարկելու ժամանակ։

Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան երկրի ավագ դպրոցների 86 տոկոսը բաց է եղել, սակայն 528 դպրոցներում դասերը ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել են։ Նախորդ օրվա համեմատ խափանումների թիվը նվազել է 41 տոկոսով։

Միևնույն ժամանակ, հինգ կրթական արհմիություններ, այդ թվում՝ SNES-FSU-ն, CGT-ն, FO-ն և Sud-ը, հինգշաբթի օրը համազգային գործադուլների և ցույցերի են կոչ արել՝ ի աջակցություն դպրոցականների բողոքի շարժման։

Անի Վարդանյան




Լրահոս