Ամուլսարի ծրագրի իրականացումը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են գործել կողք կողքի՝ չխանգարելով միմյանց և չխաթարելով բնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ուզում եմ շեշտել, որ սա շատ լավ հնարավորություն է Ամուլսարի գործընկերների, ընդերքօգտագործման ոլորտի պատասխանատուների, մեզանից յուրաքանչյուրի համար՝ ցույց տալու, ապացուցելու, որ հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը կարող են աշխատել իրար կողքи՝ չխանգարելով մեկը մյուսին և չխաթարելով բնությունը։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հենց այս պատկերն էլ ունենալու ենք»,– նշեց Խուդաթյանը։
Նախարարն անդրադարձավ նաև հանքավայրի շահագործմամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հարակից բնակավայրերի համար բացվող հնարավորություններին։
«Սա առաջին հերթին բավական բարձր վարձատրվող հազարավոր աշխատատեղեր են, համայնքներին կայուն մասհանումներ են, որոնք էականորեն փոխելու են հանքավայրի հարակից բնակավայրերի դիմագիծը»,- ընդգծեց նա։
Խուդաթյանի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալու են նաև հանքավայրից հեռու բնակվող քաղաքացիները։ Նա ակնկալվող փոփոխությունները կապեց հարկային մուտքերով ֆինանսավորվող դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, այլ խոշոր ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի հետ։
Նախարարը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և անփորձանք աշխատանք։
























































































