Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մտադիր է դատի տալ Դանիել Իոաննիսյանին, իր գնահատմամբ, իրեն զրպարտելու համար։ Այս մասին մարզպետը հրապարակավ հայտարարել է Իոաննիսյանի հրապարակումից հետո։
Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը միջամտություն է ունեցել ընտրական գործընթացներին։
ArmLur.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատել է իր հայտարարությունը՝ նշելով, որ համապատասխան ահազանգ է ստացել, և հենց այդ ահազանգն է հիմք հանդիսացել իր հրապարակման համար։
Ավելի ուշ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է.
«Արմավիրի մարզպետը ինձ դատի է տալիս նրա համար, որ ասել եմ, որ մեր ստացած ահազանգի համաձայն՝ Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Այդ ահազանգը կա, և ես այն ճշգրիտ եմ ներկայացրել։ Ինձ ահազանգողը կա և անգամ համաձայն է, որ իրեն հղում անեմ։ Ասեմ ավելին, ահազանգի մի մասը հրապարակվել է սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում։
Իմ ասած ամեն բառ, ամեն տառ ճիշտ է, և ես խնդիր չունեմ ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել եմ»,- գրել է Իոաննիսյանը։
Նա նաև նշել է, որ պատրաստ է պաշտպանել իր հրապարակման ճշմարտացիությունը և հայտարարել, որ դատական գործընթացի դեպքում ակնկալում է փաստաբանական ծախսերի փոխհատուցում։
Գրառման վերջում Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է նաև Արմավիրում ընտրական իրավիճակին՝ շնորհավորելով մարզպետին այն կապակցությամբ, որ, իր խոսքով, Արմավիրը միակ մարզկենտրոնն է, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է միայնակ։
Հիշեցնենք, որ ընտրական գործընթացներին մարզպետի ենթադրյալ միջամտության վերաբերյալ տեղեկությունը ներկայացվել է որպես ստացված ահազանգի բովանդակություն։ Վահրամ Խաչատրյանի՝ դատական հայց ներկայացնելու մասին հայտարարության և Իոաննիսյանի արձագանքի հետագա զարգացումները պարզ կդառնան առաջիկայում։
Նանիկ Աղասյան
























































































