ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս․Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․Գ․-ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ․Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։
Մասնավորապես՝ Ս․Գ․-ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․Բ․-ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս․Գ․-ի և Ա․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը):
Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Ա․Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։




























