Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 28 զանգվածային լրատվության միջոց։ Ընտրական գործընթացին կարող եք հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում և ԿԸՀ պաշտոնական ֆեյսբուքյան հարթակում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նախընտրական քարոզարշավը համամասնական ընտրակարգով համայնքներում մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Քարոզչությունը շարունակվել է մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 24։00-ն։
Այսօր ընտրություններ են լինելու հետևյալ մարզերի հետևյալ համայնքներում․
• Արարատի մարզում՝ Արտաշատ։
• Արմավիրի մարզում՝ Արմավիր և Արաքս։
• Գեղարքունիքի մարզում՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս։
• Լոռու մարզում՝ Ստեփանավան և Ֆիոլետովո։
• Կոտայքի մարզում՝ Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի։
• Շիրակի մարզում՝ Արթիկ և Ախուրյան։
• Սյունիքի մարզում՝ Գորիս և Մեղրի։
• Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք։
• Տավուշի մարզում՝ Դիլիջան և Իջևան։
• Արագածոտնի մարզում՝ Շամիրամ։
ՔՊ-ն՝ գործող համայնքապետերի առաջատարությամբ
Այս ընտրությունների ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրվել է բոլոր 21 համայնքներում։ Մի շարք համայնքներում կուսակցության ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը։
Մասնավորապես՝ Արտաշատում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Կառլեն Մկրտչյանը, Գավառում՝ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունիում՝ Հովհաննես Հովեյանը, Վարդենիսում՝ Ահարոն Խաչատրյանը, Արթիկում՝ Անան Ոսկանյանը, իսկ Ախուրյանում՝ Զավեն Մանուկյանը։
Որտե՞ղ է պայքարն առավել ուշագրավ
Հոկտեմբերի 25-ի ընտրությունների քաղաքական պատկերը բոլոր համայնքներում նույնը չէ։ Որոշ բնակավայրերում մի քանի քաղաքական ուժեր են պայքարում ավագանու տեղերի համար, մյուսներում մրցակցությունն ավելի սահմանափակ է։
Արթիկում, օրինակ, պայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։ Քաղաքական այդպիսի բազմազանությունը ընտրողներին այլընտրանքներ է տալիս, իսկ թեկնածուների համար մեծացնում է ընտրողների վստահությունը շահելու անհրաժեշտությունը։
Ախուրյանում իրավիճակն այլ է․ ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն։ Այս պարագայում ընտրողը քվեարկելու է կուսակցության օգտին կամ դեմ։ Եթե մասնակցած ընտրողների ձայների մեծամասնությունը չապահովվի՝ օրենքով նախատեսված շեմի համաձայն, ընտրությունները կհամարվեն չկայացած։ Նման պայմաններում քարոզարշավի հիմնական հարցը ոչ միայն մասնակցության ծավալն է, այլև այն, թե որքան աջակցություն կստանա միակ մասնակից քաղաքական ուժը։
Ուշադրության կենտրոնում է նաև Իջևանը, որտեղ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարել է քարոզարշավի և կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման նպատակով դրամահավաք սկսելու մասին։ Կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Վարդապետյանի հրապարակած հայտարարության համաձայն՝ իրենք աջակցության են դիմել քաղաքացիներին՝ նշելով, որ չունեն իշխանական լծակներ և խոշոր ֆինանսավորողների աջակցություն։




























