Armenian text to speach

Ինչ կքննարկվի Ազգային ժողովի վաղվա նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի հերթական նիստի օրկարգում քննարկվելու են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին թեմաները։

Դրանց թվում է «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման հարցը։ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնության առաջարկը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեն։

Օրակարգում է նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։ Այս օրենքի նախագիծը քննարկվել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել 3 հիմնական ուղղություններով․ սահմանել համապատասխան լիազորություն, որի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կսահմանի լրիվ մաշվածության պատճառով օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգը, հստակեցնել հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման ցանկի հաստատման վերաբերյալ օրենսդրական ձևակերպումը և ընդլայնել հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հնարավորությունները՝ նախատեսելով դրանք միջգերատեսչական հանձնաժողովներին ներկայացնելու իրավական հիմք։

Նիստում նախատեսվում է նաև վավերացնել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը և «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի կառավարության և ԱՄԷ-ի կառավարության միջև» համաձայնագիրը։

Առանձին կքննարկվի նաև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս նախագիծը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ այսօրվա նիստում։ Նոր օրենսդրական փաթեթով նախատեսվում է նախազգուշացման փոխարեն իրականացնել կանխարգելիչ հաշվառում բռնություն գործադրած անձի վերաբերյալ, բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում և այլն։

Նախագիծը հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը, բայց Զարուհի Բաթոյանը նաև նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկությունները նույնպես ներառվել են այս օրենսդրական փաթեթում։

Աննա Հանյան




Լրահոս