Ռուսաստանի իշխանությունները հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի Երրորդ օղակաձև ճանապարհի տարածքում կսահմանափակեն շարժական ինտերնետի հասանելիությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ միջազգային միջոցառումների անվտանգության նկատառումներից ելնելով։ Սահմանափակումները համընկնում են Գազ արտահանող երկրների ֆորումի և Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի հետ։
Ռուսաստանի թվային զարգացման նախարարության փոխանցմամբ՝ բջջային ինտերնետը որոշակի ժամերից հասանելի կլինի միայն հաստատված «սպիտակ ցուցակում» ներառված ծառայությունների համար։ Ձայնային զանգերը, տնային ինտերնետը և Wi-Fi-ը կշարունակեն գործել։
Իշխանությունները նախկինում բջջային ինտերնետի սահմանափակումները բացատրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ անվտանգության միջոցառումներով։
Գազ արտահանող երկրների ֆորումին կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ, իսկ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին կմիանան Աֆրիկայի 54 երկրներից 48-ի պատվիրակությունները։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի ավելի քան 20 երկկողմ հանդիպում։



























